Հայ-չեխական համագործակցությունը ներուժ ունի՝ չնայած երկկողմ առևտրի կրճատմանը

Հայաստանը տնտեսական կապերի ընդլայնման հարցում հույսը դրել է ոչ թե գործարար միջավայրի բարելավման, այլ հերթական համաժողովի վրա։

Ապրիլի 11-ին Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի՝ Հայաստան այցի շրջանակում Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ) կազմակերպել էր հայ-չեխական գործարար համաժողով։ Պաշտոնյաները խոսել են երկկողմ տնտեսական համագործակցության չօգտագործված ներուժի մասին, այն դեպքում, երբ արտաքին առևտուրը մեկ տարում կրճատվել է մոտ 16%-ով։

Նմանատիպ այցերի շրջանակում կազմակերպվող այլ համաժողովների պես այս անգամ ևս հայտարարվեց, որ հայ-չեխական համաժողովը կնպաստի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը և հնարավորություն կընձեռի հայ գործարարներին ներկայացնելու ներդրումային գործարար առաջարկներ։

Կարել Շվարցենբերգի գլխավորությամբ Հայաստան էին այցելել Չեխիայի արդյունաբերության միության փոխնախագահը, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը և արդյունաբերական տարբեր ոլորտներ ներկայացնող 17 չեխական ընկերության ներկայացուցիչներ։

Հերթական անգամ հայտարարվեց, որ Հայաստանը և Չեխիան ունեն տնտեսական համագործակցության մեծ ներուժ, որը ոչ բավարար չափով է օգտագործվում։ Հայտարարությունն ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի և Չեխիայի միջև արտաքին առևրաշրջանառությունը 2012թ. կազմել է $21,8 մլն, ընդ որում՝ Հայաստանի արտահանումը կազմել է $1,48 մլն, ներմուծումը՝ $20,4 մլն: Չօգտագործված պոտենցիալի մասին խոսելն էլ ավելի դեկլարատիվ է դառնում, երբ պարզվում է, որ անցած տարի 2011թ. համեմատ արտաքին առևտուրը կրճատվել է 15,9%-ով։

Ըստ ԶՀԳ-ի՝ Հայաստանում գործում է չեխական կապիտալով 20 ընկերություն։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի անկախացումից ի վեր Չեխիայից կատարվել է $104 հազ-ի ներդրում։ Ստացվում է, որ մեկ ընկերության ներդրումների միջին ծավալը կազմել է $5 հազ.։

Ի դեպ, այս շաբաթ սա միակ գործարար համաժողովը չէր, որը կազմակերպել էր ԶՀԳ-ն։ Ապրիլի 9-ին գործարար համաժողով էր անցկացվել հայ-սլովակյան առևտրատնտեսական կապերի ստեղծման և ընդլայնման նպատակով։ Այն կազմակերպվել էր Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի այցի շրջանակում։

Հայաստանի և Սլովակիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը զիջում է նույնիսկ Չեխիայի ցուցանիշին։ 2012թ. այն կազմել է $8,3 մլն, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 21,6%-ով: Հայաստանից արտահանումը կազմել է $227 հազ., ներմուծումը՝ $8,1 մլն։