ԱՄՀ-ն փոխում է ֆինանսավորման համակարգը

ԱՄՆ-ի վարչակազմը 2014 ֆինանսական տարվա դաշնային նոր բյուջեի նախագծում առաջարկում է փոխել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ֆինանսավորման սխեման, հաղորդում է Bloomberg-ը:

Բյուջեի նախագիծն առաջարկում է ԱՄՆ-ի ճգնաժամային հիմնադրամից ԱՄՀ-ում ձայնի իրավունքով քվոտաներին $63 մլրդ ուղղել։ Փորձագետների կարծիքով՝ սա հնարավորություն կտա վավերացնել հիմնադրամում քվոտաների նոր մեխանիզմը, որն էլ, ըստ էության, կսահմանի նրա կառավարման համակարգը: Ավելին՝ Սպիտակ տան այս քայլը լրացուցիչ ծախսերի չի հանգեցնի, քանի որ ըստ էության ԱՄՆ-ն գումարները «մի գրպանից մյուսն է դնելու»։

Փաստաթղթի համաձայն՝ այս բարեփոխումները ԱՄՀ աշխատանքներում «ԱՄՆ-ի ֆինանսական մասնակցության փոփոխության չեն հանգեցնի», և Վաշինգտոնը կպահպանի վետոյի իր իրավունքը՝ հիմնված քվոտաների համակարգի վրա, որում ԱՄՆ-ին պատկանում է զգալի մի մասը։ Ներկայում ԱՄՀ-ում ԱՄՆ-ին է պատկանում ձայնի իրավունքով քվոտաների 17%-ը։

ԱՄՀ կառավարման համակարգի բարեփոխման նպատակը զարգացող երկրների դերակատարման ընդլայնումն է, առաջին հերթին՝ Չինաստանի, որն ըստ քվոտաների ծավալի կզբաղեցնի երրորդ տեղը։

Ներկայում ԱՄՀ-ում երկրների քվոտաների բաշխումը կատարվում է ըստ ՀՆԱ-ի միջինացված ցուցանիշի, տնտեսության թափանցիկության ու միջազգային պահուստների ծավալի։