Օսակայում պատրաստել են աշխարհի ամենաերկար մարգարտե ապարանջանը

Աշխարհի ամենաերկար՝ 222-մետրանոց մարգարտե ապարանջանը ներկայացվել է ճապոնական Օսակա քաղաքի ցուցահանդեսում: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զարդը մտել է Գինեսի գիրք:

Ավելի քան 28 հազ. մարգարիտներից ստեղծված ապարանջանի քաշը մոտ 20 կգ է: Չնայած բազմաթիվ հայտերին՝ ցուցադրության կազմակերպիչները նշում են, որ զարդը չի վաճառվելու: Այն պատրաստվել է շուրջ երեք ամիս, մարգարիտների մեծ մասն անհատույց տրամադրել են տեղացի բնակիչները և նույնիսկ օտարերկրյա զբոսաշրջիկները:

Ցուցահանդեսի նախաձեռնողները հույս ունեն ամրագրել իրենց տարածաշրջանի՝ մարգարտի գլխավոր արդյունահանողի և արտադրողի կարգավիճակը ոչ միայն Ճապոնիայում, այլև ամբողջ աշխարհում:

Ուշագրավ է, որ նախորդ նմանատիպ ռեկորդը սահմանել են կրկին ճապոնացի ոսկերիչները. նրանց պատրաստած շղթան ուներ 187 մ երկարություն: