Շուշիում երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն է կառուցվում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը երեխաների խնամքի հաստատություն է կառուցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում, ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրույթունում:

Հաստատությունում կբնակվեն Ստեփանակերտի մանկատանը ներկայում օթևանող 1-ից 15 տարեկան շուրջ 80 երեխաներ: Այս նախաձեռնությամբ հիմնադրամը նպատակ ունի բարելավել արցախցի անպաշտպան մանուկների բնակության պայմանները: Շուշիի առողջարանային բնակլիմայական պայմանները ևս նպաստավոր կլինեն մանուկների համար:

Եռահարկ նորակառույցում նախատեսվում են երեխաների բնակության և ժամանցի համար բոլոր անհրաժեշտ պայմանները` ննջարաններ, խաղասենյակներ, ճաշարան, հանդիսության սրահ: Ջեռուցումն ու օդափոխությունը հարմարավետ պայմաններ կապահովեն մանուկների համար տարվա բոլոր եղանակներին: Սպորտ հրապարակն ու փակ մարզասրահն ամբողջական ու հետաքրքիր կդարձնեն երեխաների առօրյան: Իսկ համակարգչային կաբինետն ու գրադարանը, զուգակցվելով զարգացման ծրագրերի հետ, կխթանեն սաների մտավոր ու ստեղծագործական կարողությունները և կօգնեն նրանց գտնել իրենց ճանապարհը կյանքում:

Ներկայում ընթացքում է երկրորդ հարկի շինարարությունը: Հաջորդ տարվա գարնանը նորակառույցն իր հարկի տակ կընդունի մանկատան խնամքին հանձնված երեխաներին:

Շենքը կառուցվում է հիմնադրամի պատվո անդամ Հրայր Հովնանյանի հովանավորությամբ: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը: