Թետչերի արձանը` Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակում

Բրիտանացի քաղաքական գործիչները քննարկում են Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակում երկրի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի արձանը կանգնեցնելու հնարավորությունը, գրել է The Guardian-ը:

Երկրի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդը BBC-ին ասել է, որ նպատակահարմար է համարում Թետչերին հուշարձան կանգնեցնելու գաղափարը: Նրա խոսքով՝ Թրաֆալգարի հրապարակի չորրորդ պատվանդանը կարող է դիտարկվել որպես տարբերակ:

Թրաֆալգարի հրապարակի անկյուններում պատվանդանները կառուցվել են 1841-ին: Այսպիսով՝ «Երկաթե լեդիի» արձանը կարող է կանգնեցվել թագավոր Գեորգ 4-րդի և հրամանատարներ Հենրի Հևլոքի ու Չարլզ Նապիրի արձանների կողքին:

Միևնույն ժամանակ, Հեմոնդը կոչ է արել չշտապել այս հարցում: «Կարծում եմ՝ նման բաները լավ է քննարկել որոշ ժամանակ անց», – ասել է նա:

Ըստ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի ներկայացուցչի՝ հուշարձան կանգնեցնելու գաղափարը լավն է: Նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք վարչապետը հավանություն է տալիս արձանի և Ֆոլքլենդների մայրաքաղաք Պորտ Սթենլին Պորտ Մարգարետ վերանվանելու մտահղացմանը:

Հայտնի է նաև, որ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն արդեն հանդես է եկել մայրաքաղաքում Մարգարետ Թետչերի արձան ունենալու գաղափարի օգտին:

Բրիտանիայի նախկին վարչապետ, բարոնուհի Մարգարետ Թետչերը կյանքից հեռացել է ապրիլի 8-ին՝ 87 տարեկանում: Նրա վարչապետությունն ամենաերկարն էր 20-րդ դարում: «Երկաթե լեդի» մականունը Թետչերն ստացել է խորհրդային երկրի ղեկավարության քննադատության համար: Նա կյանքի է կոչել մի շարք պահպանողական քայլեր, որոնք դարձել են «թետչերիզմի» քաղաքականության մի մասը: