Երդմնակալությանը մասնակցությունն ու քննադատությունն իրար հետ կապ չունեն. Վ. Օսկանյան

Ընդդիմության ամբողջ իմաստն այն է, որ ընդդիմադիր լինելով` դու կարող ես իշխանությունների հետ աշխատել և երկխոսել: Ապրիլի 12-ին ԱԺ-ում հրավիրված ճեպազրույցին նման տեսակետ է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք օրինաչափ էր ԲՀԿ-ի մի շարք անդամների մասնակցությունը ապրիլի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:

«Այն ընդդիմությունը, որն իշխանությունների հետ չի կարողանում խոսել, չի կարող արդունավետ լինել: Մասնակցությունն ու քննադատությունը իրար հետ կապ չունեն: Երանի երկրում իրավիճակն այնպես լիներ, որ քննադատության էությունը նույնը մնար, բայց բոլորս գնայինք ու մասնակցեինք»,- ասաց Օսկանյանը:

Անդրադառնալով մայիսի 5-ին նախատեսված ավագանու ընտրություններին՝ պատգամավորը նշեց, որ ընտրարշավն ընթանում է երկրի համար բավական կրիտիկական շրջանում:

«Շատ բան կախված է նրանից, թե քաղաքական դաշտի տարբեր հատվածները՝ իշխանությունները, ոչ իշխանական քաղաքական ուժերը և մեր հասարակությունը, իրենց բոլոր դրսևորումներով ինչպիսի պատասխանատվությամբ կմոտենան այս շրջանին, ինչպիսի հանձնառություն կվերցնեն իրենց վրա, և դրանից կախված կլինի, թե այս կրիտիկական շրջանն ինչպիսի արդյունքներով կամրագրենք»,- ասաց Օսկանյանը՝ հավելելով, որ իշխանության պատասխանատվությունն այս պահին պետք է այն լինի, որ նա իրականությանը բաց աչքերով նայի և ընդունի, որ լուրջ անջրպետ կա պաշտոնականի և փաստացի իրավիճակի միջև:

Ըստ նրա՝ այսօր այդ անջրպետը բավական խորն է և երկրում վիճակն այն չէ, ինչը ներկայացվում է պաշտոնապես:

Ինչ վերաբերում է ապրիլի 12-ին մամուլում շրջանառվող լուրերին, թե Երևանի Աջափնյակ համայնքում ԲՀԿ-ն ցածր գներով միս է բաժանում ձայն ստանալու համար, ապա Օսկանյանը բացառեց դրա հնարավորությունը և նշեց, որ եթե այդ լուրերի մեջ ճշմարտություն լինի, ապա ինքը դրա դեմ պայքարողներից առաջինը կլինի:

Մեկնաբանել