Ֆրանսիայի Սենատն ընդունել է միասեռ ամուսնությունները օրինականացնող օրենքը

Ֆրանսիայի Սենատն ընդունել է օրենքը, որը միասեռ զույգերին թույլ է տալիս գրանցել ամուսնությունը և երեխաներ որդեգրել, հաղորդում է ֆրանսիական Le Figaro պարբերականը:

Ակնկալվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի ամռան սկզբին, սակայն նախ այն պետք է ստանա խորհրդարանի ստորին պալատի հավանությունը, ապա ստորագրվի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից:

Միասեռ ամուսնությունների օրինականացումը Ֆրանսիայի սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն էր: Ներկայում Ֆրանսիայում թույլատրված են միասեռ զույգերի քաղաքացիական միությունները, սակայն սոցիալիստները որոշեցին օրինականացնել միասեռականների միջև ամուսնությունները և այդպիսի ընտանիքներին հնարավորություն տալ որդեգրել երեխաներ: Այս քայլի դեմ հանդես եկան աջ ընդդիմության ներկայացուցիչներն ու կաթոլիկ եկեղեցին:

Ավելի վաղ Ֆրանսիայում տեղի են ունեցել զանգվածային մի քանի ցույցեր ինչպես ի աջակցություն միասեռ ամուսնությունների օրինականացման, այնպես էլ՝ ընդդեմ դրա: