ԱՄՆ դեռահասների 48%-ն օգտվում է Apple-ի արտադրանքից. Piper Jaffray

ԱՄՆ դեռահաս տարիքի օգտատերերի մոտ 48%-ն օգտագործում է iPhone, հաղորդում է AppleInsider-ը` վկայակոչելով ամերիկյան Piper Jaffray ընկերության կատարած ուսումնասիրության արդյունքները:

Հատկանշական է, որ 2012թ. աշնանն այս ցուցանիշը կազմել է 40%: Ավելին` հարցվածների 59%-ը հայտարարել է, որ իրենց հաջորդ սմարթֆոնը կրկին Apple-ի արտադրանք կլինի: Հարցման մասնակիցների միայն 21%-ն է իր նախապատվությունը տվել Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումներին:

Երիտասարդների շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում նաև պլանշետները: Հարցվածների գրեթե կեսն արդեն պլանշետի սեփականատեր է, մինչդեռ 2012թ. աշնանն այս ցուցանիշը կազմում էր 44%, այդ թվում` 68%-ն օգտագործում էր iPad:

Նշենք, որ ուսումնասիրությանը մասնակցել է միջինից բարձր եկամուտ ունեցող ընտանիքների 1,6 հազ. երեխա և միջին եկամուտ ունեցող ընտանիքների 3,6 հազ. դեռահաս: