«Երևանյան հեռանկարներ»-ը բացվել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը բացել է իր 14-րդ համերգաշրջանը լեգենդար Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որի գլխավոր հովանավորը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն է:

«Մեր ընկերությունը հպարտությամբ է աջակցում այնպիսի նախաձեռնությունների, որոնք հնարավորություն են ընձեռում հայաստանյան հանդիսատեսին վայելելու համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների ելույթները: Այս համերգը ևս մեկ անգամ հաստատում է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը արվեստի բարեկամն է»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նվագախումբը ղեկավարել է 11 «Գրեմմի» պարգևների արժանացած ամերիկացի հռչակավոր դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասը։ Համերգի մենակատարն էր հանրահայտ վիրտուոզ դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը։

Նվագախմբի այցը Հայաստան խոշոր իրադարձություն է, քանի որ նախկին ԽՍՀՄ երկրներից Ռուսաստանից հետո միակը Հայաստանն է` ուր այցելել է աշխարհի ամենահեղինակավոր նվագախումբը։ Վիեննայի ֆիլհարմոնիկը հիմնվել է 1842թ.: Այն Եվրոպայի և ամբողջ աշխարհի ամենահին նվագախումբն է։