1990-ականներին Երևանի իշխանությունն ավելի ժողովրդավար էր. Վահագն Խաչատրյան

Լուսանկարը` ՍիվիլՆեթի

Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ամենամեծ թիրախը իշխանություններն են: Ապրիլի 12-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի հայտարություն արեց Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող, Երևանի նախկին քաղաքապետ (1992-1996 թթ.) Վահագն Խաչատրյանը՝ նշելով, որ մայիսի 5-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրությունները պետք է քաղաքական դաշտ տարվեն:

«Այս ընտրությունների ընթացքում պետք է ամեն ինչ անել իշխանությունը փոխելու համար, և եթե այն չփոխվի, ապա ներկայիս խնդիրներն էլ ավելի կխորանան»,- ասաց Խաչատրյանը` հավելելով, որ ՀԱԿ-ը պատրաստ է աշխատել ոչ իշխանական ուժերի հետ, որոնք ավագանու ընտրություններում կունենան մեծամասնություն:

Նախկին քաղաքապետը նշեց, որ նախընտրական քարոզչության կազմակերպման համար հավասար պայմաններ ստեղծված չեն, ինչպես նախորդ բոլոր ընտրություններում, երբ ոչ իշխանական ուժերը գտնվում էին ոչ հավասար պայմաններում, ապա այս ընտրությունների ժամանակ էլ կա այդ խնդիրը: Նա հավելեց, որ կան նաև տեխնիկական խնդիրներ, ինչն առկա է նաև հակաիշխական մյուս ուժերի մոտ: Ըստ նրա՝ իշխանական ուժերը խոչընդոտում են շտաբերի տրամադրմանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ մեթոդներով պետք է նպաստել ընտրական մեխանիզմի բնականոն աշխատանքին՝ Խաչատրյանը նշեց, որ շատ կարևոր է, որ քաղաքացին գնա ընտրության, իսկ իրենք՝ ընտրության մասնակիցները, ամեն ինչ պետք է անեն, որ քաղաքացիների ձայնը տեղ հասնի:

Համեմատելով 1990-ականների Երևանն այսօրվա մայրաքաղաքի հետ՝ Խաչատրյանը նշեց, որ կառավարման համակարգի տեսանկյունից էական տարբերություն կա, և այսօրվա Երևանն այդ առումով ավելի վատն է: ՀԱԿ ներկայացուցիչն ասաց նաև, որ 1990-ականներին իշխանությունն ավելի ժողովրդավար էր, ինչը կապված էր նաև այն թիմի հետ, որն ինքն էր ղեկավարում:

«Ներկայիս իրավիճակում քաղաքացու կարծիքը հաշվի չի առնվում»,- ասաց նա՝ նշելով, որ վերջին չորս տարիներին ավագանու նիստերին քաղաքացիները երբեք չեն մասնակցել, ինչը օրենքով նախատեսված է:

Խաչատրյանի խոսքով՝ իր կառավարման տարիներին քաղաքաշինական խնդիրներ չկային, ինչը սակայն այսօր ամենաառաջնահերթներից է: Նա նշեց նաև, որ հաղթելու դեպքում իրենք գլխիվայր կփոխեն քաղաքային իշխանության կառավարումը:

Մեկնաբանել