Google-ը «վիրտուալ կտակի» ծառայություն է գործարկել

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը ստեղծել է Inactive Account Manager նոր ծառայությունը, որը հնարավորություն է տալիս կառավարել օգտատիրոջ տվյալները նրա մահվանից հետո: Եթե մեկ տարվա ընթացքում տվյալ օգտատիրոջը պատկանող էջը դադարում է ակտիվ լինել, ապա Google-ը կարող է ջնջել այդ օգտատիրոջ հետ կապված ամբողջ տեղեկատվությունը կամ ուղարկել նրա մերձավորներից մեկին:

«Կտակ» ծառայության ակտիվացման համար մի քանի փուլ է անհրաժեշտ անցնել: Սկզբում որոշվում է այն ժամկետը, որի ավարտից հետո հեռացվում են օգտատիրոջ բոլոր տվյալները կամ ուղարկվում նրա հարազատներից մեկին: Այս ժամկետը զրոյացվում է ամեն անգամ, երբ Google-ի օգտահաշվում գործողություն է իրականացվում: Երկրորդ հերթին` անհրաժեշտ է նշել այն ծառայությունների ու մոտ մարդկանց կոնտակտային տվյալները, որոնց, ի վերջո, փոխանցվելու են օգտատիրոջ տվյալները:

Հատկանշական է, որ տվյալ օգտատիրոջ հարազատները կստանան ոչ թե մահացած օգտատիրոջ գաղտնաբառերը, այլ միայն տեղեկատվություն, որը հավաքագրվել է Google-ի ծառայություններից:

Նշենք, որ մինչ «կտակային» ծառայության գործարկումը` Google-ը sms հաղորդագրություն և նամակ էր ուղարկում պահուստային արկղին: Այս քայլով ընկերությունը կարող է վստահ լինել, որ տվյալ օգտատերը մահացել է և ոչ թե դիմել է մրցակիցների` Microsoft Bing-ի կամ Outlook.com-ի ծառայությունների օգնությանը:

Հատկանշական է, որ ՏՏ ոլորտի ընկերությունները տարբեր կերպ են լուծում մահացած օգտատերերի հետ կապված խնդիրը: Օրինակ` Facebook-ը չի տրամադրում մահացած օգտատիրոջ գաղտնաբառերը վերջինիս հարազատներին, սակայն թույլատրում է անձնական էջը հատուկ ռեժիմ տեղափոխել, որն էլ թույլ է տալիս նրա ընկերներին կիսել մահացած ընկերոջ հետ կապված հիշողությունները: Twitter-ի համանման ծառայությունն ավելի բարդ համակարգ ունի և տվյալների տրամադրման համար առաջարկում է ուղարկել օգտատիրոջ ծննդյան վկայականի, վարորդական իրավունքի և այլ փաստաթղթերի պատճենները:

Մեկնաբանել