Լիահույս ենք, որ ՄԻՊ ազգային հանձնաժողովի աշխատանքը կլինի բեղուն. օմբուդսմեն

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 12-ին հանդիպել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ, հաղորդում է ՄԻՊ գրասենյակի կայքը:

Հանդիպմանը քննարկվել են մի շարք խնդիրներ՝ կապված մարդու իրավունքների հետ, ինչպես նաև բարձրացվել են պաշտպանի աշխատակազմի բազմաթիվ հարցեր: Քննարկվել են նաև վերջերս նախագահի հրամանագրով ստեղծված մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հետագա անելիքները: Հանձնաժողովում, որը զբաղվելու է մարդու իրավունքների ազգային ռազմավարության կենսագործման խնդիրներով, տարբեր ոլորտներում մարդու իրավունքներին վերաբերող բազմաթիվ համակարգային խնդիրներով, ներգրավված է լինելու նաև մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ:

Հանդիպումից հետո պաշտպանը և ԱԱԽ քարտուղարը ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում ներկայացրել են հանդիպման մանրամասները:

Իր խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշել է, որ կարևորում և դրական է գնահատում մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը Հայաստանում: «Կարծում եմ, որ այս տարիների ընթացքում պաշտպանի ինստիտուտը իսկապես կայացել է»,- նշել է ԱԱԽ քարտուղարը: Նա շեշտել է նաև, որ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը բարելավման կարիք ունի, և մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը չի կարող լիարժեք գործել առանց մարդու իրավուքների պաշտպանի հետ սերտ համագործակցության:

Խոսելով հանձնաժողովի հետագա գործունեության մասին` պաշտպան Կարեն Անդրեասյանը նշել է. «Մենք լիահույս ենք, որ այս հանձնաժողովի աշխատանքը կլինի բեղուն, տարվա ընթացքում առաջընթաց կնկատվի: Եթե առաջընթաց չլինի, ինչպես բոլորս ենք ակնկալում, մենք այդ մասին կհայտնենք»:

Մեկնաբանել