Խորհրդակցություն գյուղատնտեսության նախարարությունում

Ի կատարումն ապրիլի 4-ի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի տված հանձնարարականի` ապրիլի 12-ին գյուղատնտեսության նախարարությունում կայացոլ է համատեղ քննարկում` նվիրված ընթացիկ տարվա պտուղ-բանջարեղենի և խաղողի արտադրության, մթերումների և իրացման կազմակերպման հետ կապված խնդիրներին, հաղորդում են գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից:

Խորհրդակցությանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանից, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանից, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանից բացի` մասնակցում էին նաև պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ու արտահանող ընկերությունների, ոլորտի գործունեությանն առնչվող ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ի, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ և Արդյունաբերության զարգացման հիմնադրամների ներկայացուցիչներ:

Նշվել է, որ ոլորտում գործող մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ այն նախօրոք ուսումնասիրվել և քննարկվել է գյուղատնտեսության նախարարությունում, որի արդյունքում լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերը ամփոփ տեսքով ներկայացվել են ապրիլի 12-ի քննարկմանը:

Ելույթ ունեցողներն անդրադարձել են արտադրանքի արտահանման և ռազմավարական շուկաներ մուտք գործելու հարցերում պետական աջակցության, առևտրային բանկերի կողմից վարկային միջոցների տրամադրման պայմանների, անհրաժեշտության դեպքում գործող վարկերի մարման ժամկետների երկարաձգման, գինենյութի պահման տարաներ, ինչպես նաև օժանդակ հումք (շիշ, խցան և այլն) ներկրելու ժամանակ ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի վճարումից ազատման կամ դրանց վճարումը հետաձգելու և նման բազմաթիվ այլ խնդիրների:

ՀՀ էկոնոմիկային նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանն անդրադարձել է գործող և առաջիկայում նախատեսվող պետական աջակցության գործիքներին, հատկապես արտահանման, շուկայավարման և միջազգային ցուցահանդեսների մասնակցության մասով:

Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրել է վարկավորման համակարգում առկա իրավիճակը, նշելով, որ առաջիկայում առևտրային բանկերը հնարավորություն կունենան տրամադրելու մեծ ծավալի վարկեր` ՀՀ դրամով:

Ամփոփելով քննարկումը` գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը նշել է գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվող բերքի իրացման կարևորությունը և վերամշակող ու արտահանող ընկերությունների մեծ դերակատարությունն այդ հարցում. «Այս քննարկումով մեր հանդիպումները չեն ավարտվելու: Մինչև բերքաշրջանի ու մթերումների ավարտը մենք նման բազմաթիվ հանդիպումներ ենք ունենալու` փորձելով հնարավորինս աջակցել ոլորտի գործունեության կարգավորմանը, պետություն–մասնավոր հատված համագործակցության ամրապնդմանը: Պետությունն այսօր մեծ օժանդակություն է ցուցաբերում և’ գյուղացուն, և’ վերամշակողին: Բնական է, քանի որ թե’ արտադրությունը, թե’ վերամշակումը համաչափ պետք է զարգանան: Սակայն, ցավոք, դեռևս լուրջ անելիքներ կան որակի ապահովման բնագավառում, և սա էլ խոչընդոտում է մեր արտադրանքի արտահանմանը դրսի շուկաներ»,- նշել է Սերգո Կարապետյանը: Նա հատուկ անդրադարձել է պայմանագրային հիմունքներով աշխատանքների կազմակերպմանը և հորդորել հնարավորինս արագ սկսել վերամշակողների և գյուղացիների միջև բերքի իրացման պայմանագրերի կնքումը:

Քննարկման արդյունքները կներկայացվեն կառավարություն` համապատասխան ընթացք տալու համար: