Սփյուռքի օգնության դեպքում «Նոր Հալեպ» թաղամասն արագ կկառուցվի. Հ. Հակոբյան

Ապրիլի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ կայացել է տեսակոնֆերանս Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի հայ համայնքի հայկական դպրոցների տնօրենների, մանկավարժների և ՀՀ սփյուռքի նախարարության պատասխանատու աշխատակիցների միջև, հաղորդում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:

Ներկայացնելով գերատեսչության աշխատանքները` Հակոբյանն առանձնացրել է Հայաստան եկած սիրիահայ մեր հայրենակիցների հետ տարվող գործընթացը: Նշվել է, որ Մասիսի, Աշտարակի և Վաղարշապատի քաղաքապետերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքներում սիրիահայերի համար թաղամասերի կառուցման վերաբերյալ: Առկա են առաջին հովանավորները: Նոր բնակարանների կառուցման հարցում ծախսերի մի մասը հոգալու են հենց սիրիահայ շահառուները: «Սակայն ուզում ենք ներգրավել նաև Սփյուռքի մեր համայնքներին: Եթե ամեն մի համայնք իր վրա վերցնի 3-4 սիրիահայի օժանդակելու հարցը, ապա «Նոր Հալեպ» անունով սիրիահայերի համար թաղամաս կառուցելու ծրագիրն արագ իրականություն կդառնա»,- հավաստիացրեց տիկին Հակոբյանը` կոչ անելով սկսել համայնքում սիրիահայերի օգնության շարժում:

ՀԲԸՄ Ալեքսանդր վարժարանի տնօրեն Մանուկ Դեմիրճյանը ցանկություն է հայտնել Հայաստանի որևէ դպրոցի հետ քույրացման գործընթաց սկսելու, իսկ Հովհաննես Թումանյանի անվան մեկօրյա դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյանը խոսել է հայերեն դասական ուղղագրությամբ դասագրքերի անհրաժեշտության մասին:

Նշելով, որ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձենությամբ Արշակ և Սոֆի Գոլստըն վարժարանի և Երևանի թիվ 136 դպրոցի քույրացման արդյունավետ փորձը արդեն կա, Հ. Հակոբյանը հավաստիացրել է, որ երկու խնդիրներն էլ առաջիկայում իրենց լուծումները կգտնեն:

ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մեկօրյա վարժարանից ուսուցչուհի Սիլվա Աղաբեկյանը կարևորել է հայրենիքի, հայ մշակույթի մասին պատմող խտասալիկների անհրաժեշտությունը:

Մեկօրյա վարժարանի հայերենի ուսուցչուհի Սաթիկ Գևորգյանը փորձի փոխանակման կարգով խոսել է հայ մանուկներին 4 տարեկանից նախակրթարաններում պատրաստելու օգտակարության մասին: Կարևոր է ուշադրություն դարձնել նաև ուսուցիչների համար մեթոդական ձեռնարկների պատրաստմանը:

ՀՀ սփյուռքի նախարարը հավաստիացրեց, որ համայնք կուղարկվեն հայ գործիչների և հայկական մշակույթի մասին պատմող խտասալիկներ և «Խոսող Այբբենարան»:

Հեռավար հանդիպման ավարտին Հրանուշ Հակոբյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ավստրալիայի հայ համայնքին, որի ջանքերով երկրի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու բանաձևը: