Ես շատ սխալներ եմ գործել. Րաֆֆի Հովհաննիսյան

Փետրվարի 18-ից մինչև ապրիլի 9-ը ես շատ սխալներ եմ գործել, բայց մի բան պարզ է, որ հաղթանակը տանելու եմ ձեզ հետ միասին, և ոչ մի կաթիլ արյուն չի լինելու. Ազատության հրապարակում ապրիլի 12-ի հանրահավաքին այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգության» առաջնորդ, նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը գրավված Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ իրենք առաջիկա ամիսներին հանգիստ չեն տալու գործող իշխանություններին:

«Ամեն մեկն իրավունք ունի քննադատելու, և ես դա ընդունում եմ, բայց ով ապրիլի 9-ին նստած էր տաքուկ գրասենյակներում և ուզում էր ժողովրդին արյան տանել, ես թույլ չեմ տա»,- ասաց Հովհաննիսյանը` ոստիկանապետ Վովա Գասպարյանից պահանջելով պատժել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի վրա ձեռք բարձրացրած ոստիկանին:

Նա կրկնեց, որ հայ ժողովուրդը չի ճանաչում Սերժ Սարգսյանի հաղթանակն ու «կեղծ երդումը և հույս հայտնեց, որ գործող իշխանությունները հրաժարական են տալու:

«Հիմա ժամանակն է, որ տուն-տունիկից դուրս գանք և հարգենք հայ մարդու որոշումը»,- ասաց Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդը տեղեկացրեց, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 19-ին «Անի» հյուրանոցի դահլիճում: Միաժամանակ` հայտարարեց, որ «Ժառանգությունը» կմիանա ապրիլի 23-ին ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթին, իսկ ապրիլի 24-ին` ժամը 12:00-ին, կհավաքվեն Ազատության հրապարակում` երթով շարժվելու դեպի Ծիծեռնակաբերդ:

Հանրահավաքին ելույթով հանդես եկավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի կինը` Արմենուհի Հովհաննիսյանը` ասելով, որ եթե ապրիլի 9-ին իր աչքերում մարդիկ ցավ ու տխրություն են տեսել, ապա այդ տխրությունը ցավն է այն ոստիկանների համար, որոնք «դրել են իրեն երկու վահանների մեջ ու հրել այնպես, որ ինքը գիտակցությունը կորցրել է»:

«Այդ երխաների աչքերը ավելի ցավոտ էին: Ես արցունքներ տեսա երիտասարդ մի ոստիկանի աչքերում և ցավ ապրեցի որպես մայր նրա համար»,- ասաց Արմենուհի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ օրն ինքը հագել էր իր սիրած կոշիկը և կորցրեց այն ընկնելու հետևանքով:

Մեկնաբանել