Հիմա ընդդիմությունը բավականին մեծ հնարավորություն ունի. քաղտեխնոլոգ

Ավագանու ընտրությունների շեմին ընդդիմությունը ոչ թե հույս, այլ՝ բավականին մեծ հնարավորություն ունի. այսօր «Ա1+»-ի հյուրասրահում նշեց քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: «Բայց դա կախված է հասարակությունից, նրա ակտիվ զանգվածից, ինչպես նաև՝ ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից, ՀԱԿ-ից ու «Ժառանգություն»-ից. եթե նրանք ակտիվ, գրագետ ընտրարշավ անցկացնեն, հնարավորությունն ավելի կմեծանա, եթե վատ անցկացնեն, հնարավորությունը հերթական անգամ կկորսվի»,- նշեց նա:

Անդրադառնալով ընտրակաշառքին՝ Բադալյանն ասաց, որ Երևանում ընտրակաշառքի երևույթը նահանջում է, քանի որ հիմա արդեն փող վերցրածների միայն 50 տոկոսն է, որ փողը վերցնելով՝ քվեարկում է այնպես, ինչպես փող տվողն է պահանջել, իսկ մյուսները քվեարկում են իրենց նախընտրությամբ: «Թեև ընտրություն բառը շատ ենք օգտագործում, բայց ասեմ, որ մայիսի 5-ին դասական իմաստով ընտրություն չի լինելու, լինելու է կռիվ: Փոխաբերական իմաստով՝ կռիվ: Ով մրցունակ եղավ, ում շերեփն ավելի լավ երկաթից եղավ, ինքն ավելի շատ ձայն կվերցնի»,- նշեց նա:

Եթե ստացվի այնպես, որ Երևանի ավագանին ընտրի ոչ հանրապետական քաղաքապետի, ապա, ըստ Բադալյանի, այդ քաղաքապետից կախման մեջ են ընկնելու ոչ հանրապետական ձեռնարկատերերն ու գործարարները, քանի որ Հայաստանի՝ Երևանում կենտրոնացած ձեռնարկությունների ճնշող մեծամասնությունը հանրապետականների սեփականությունն է: Տվյալ իրավիճակը, իհարկե, ազդելու է առաջիկա (4-5 տարի հետո) հանրապետական ընտրությունների վրա, քանի որ հենց այդ մարդիկ իրենց այդ բիզնեսներով են ֆինանսավորում իշխող կուսակցությանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN-ի

Մեկնաբանել