Թեկնածուները բանավիճեցին ու միաձայն քննադատեցին Երևանի կառավարումը

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Երևանի կառավարման մասին քննարկում էր կազմակերպել «Կենտրոն» հեռուստատեսության «Հայկական ուրբաթ» հաղորդումը:

«Քաղաքապետը միայն փողոց չպիտի մաքրի, նա նաև սոցիալական ծրագրեր պիտի կատարի: Նստած 150 մլն դոլարի վրա՝ միայն ծաղիկ է տնկում և աղբատարի դեր է կատարում: Ծրագիրը պիտի լինի մարդակենտրոն, իսկ նրանք չեն մտածում քաղաքացու մասին»,- նշեց Երևանի ավագանու ՀԱԿ թեկնածու Զոյա Թադևոսյանը: Իր դիտարկմամբ՝ քաղաքապետարանի կայքի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքապետը միջինը օրը 1,5 աշխատանքային գործուղում է կատարել:

Ավագանու ՕԵԿ թեկնածու Հովհաննես Շահինյանը ևս քննադատեց ներկա քաղաքապետի աշխատանքը: «Ուղղակի ինչ-որ անորակ խաղալիքներ են դրվում բակելում՝ հա սղա-իջի-սղա-իջի, ի՞նչ են սովորելու այդ երեխաները, ի վերջո: Կամ նույն զրուցարանները: Տարեց մարդիկ գնում-նստում են, հետո սառած գնում են տուն»,- մեկնաբանեց նա: Շարունակելով գործուղումների վրա ոչ արդյունավետ ծախսեր կատարելու թեման՝ նա նշեց, որ մեծ գումարներ են տրամադրվում նաև տարբեր տոների առթիվ պաշտոնական միջոցառումներ կազմակերպելուն և ավելորդ ճոխություններին:

Շահինյանին քննադատեց Զոյա Թադևոսյանը՝ նշելով, որ նրա՝ Արաբկիրի թաղապետ եղած ժամանակ սեփականաշնորհվել են հանրային տարածքներ, տեղում կառուցվել ավտոտնակներ, իսկ Շահինյանը հակադարձեց, որ դրանք իր որոշմամբ չեն եղել, ու մեղադրեց Թադևոսյանին [ՀԱԿ-ին]՝ ավագանու մանդատները նախորդ ընտրություններից հետո չվերցնելու, գործ չանելու համար:

Ավագանու ԲՀԿ թեկնածու Գուգեն Արսենյանը խոսեց Երևանի բնապահպանական խնդիրների մասին: «Մաքուր կանգնած մեքենան անձրևից հետո ցեխոտ է լինում. դա խոսում է օդի աղտոտվածության մասին: Ասում են, չէ՞, անձրևն եկավ, օդը մաքրվեց, մեզ մոտ անձրևը կեղտոտում է,- ասաց նա:- Մեկ շնչին ընկնող տաքսիների, էլ չասեմ երթուղային տաքսիների քանակով Երևանը երևի առաջին տեղում է աշխարհում: Վերելակով բարձրանալ-իջնելը մարդու մոտ վտանգի զգացում է արթնացնում: Ես չեմ ասում՝ դրա համար քաղաքապետն է մեղավոր: Հիշեցնեմ հայտնի ասույթը՝ մի կրակեք դաշնակահարի վրա, նվագում է այնպես, ինչպես կարող է»: Նրա բնորոշմամբ՝ Երևանի կառավարումը ոչ արդարացի է և ոչ էլ արդյունավետ:

Ավագանու ՀՅԴ թեկնածու Արսեն Համբարձումյանն ասաց, որ Երևանի ոչ արդյունավետ կառավարման համակարգի արդյունքում ունենք քաղաքական մոնոպոլիա. մեկ ուժի կառավարման արդյունքում անպատասխանատու վերաբերմունքով այսօր Երևանն ունի միայն դեկորացիաներ՝ այն էլ անճաշակ դեկորացիաներ: «Ծախսերը, որ կատարվում են, առանց բյուջետային կարգավորման են կատարվում՝ դրա համար էլ հիմա արձանագրում ենք, որ ունենք չհիմնավորված ծախսեր. ունենք, օրինակ, ահռելի գումարներ, որ հատկացվել են փողոցային շների դեմ պայքարի ծրագրին, իսկ արդյունքում փողոցային շների քանակն աճել է»:

Ամփոփելով՝ Համբարձումյանը նշեց, որ բոլոր նշված և չնշված խնդիրները կլուծվեն, եթե ավագանին իրապես լինի ընտրված՝ քաղաքացու քվեն ստացած: «Սոցիալական բնակարանների շինություն, գերեզմանների ու պանթեոնների այս խայտառակ վիճակի կանոնակարգում, ծրագրային բյուջետավորում՝ յուրաքանչյուր ծախս պիտի լինի թափանցիկ և հիմնավորված, Երևանյան լճի, Դալմայի այգիների խնդիրների կարգավորում»,- թվեց նա ՀՅԴ-ի առաջնահերթությունները:

Գուրգեն Արսենյանը վստահ է, որ ընտրվելու դեպքում առաջին հերթին պետք է աշխատանքից ազատել վարչական շրջանի տասներկու ղեկավարներին, քանի որ նրանք էլ պատասխանատու են ստեղծված «խայտառակ վիճակի համար»:

Հաղորդման ավարտին հաղորդավարը հեռուստադիտողին առաջարկեց փակել աչքերն ու հիշել ավագանու հինգ անդամի անուն. «Եթե հիշեք, ուրեմն մեր վիճակն այնքան էլ անհույս չէ»,- ամփոփեց նա: