Ու գնում ենք գլխիկոր, գլխի, գլխի գլխիկոր…

Օրը, որի մեջ ապրեցինք շարժանկար էր…

Առավոտ էր: Հեռուստացույցի էկրանին երևացած կարմիր գորգը անբնական երկար էր, ընթացքը սարկաստիկ ու ափսոս, որ Ֆելինին մահացել էր, իսկ Կուստուրիցան զբաղված էր այդ օրը ու չտեսավ այն, ինչ կատարվեց մի ժամում ու հաջորդ ժամերին:
Կարմիր գորգը շատ էր կարմիր, ու այնքան երկար, որ հայրենի Գլենդելից զանգեց բարեկամուհիս ու հասցրեց զրուցել: Գլենդելից ինձ հարցնում է, -«ուր ես, տեսնու՞մ ես ինչքան մարդ կա օպերայում, զիլա չէ՞»: Ես ապրում եմ Բայրոնի փողոցի վրա, ձայները լսվում են, բայց չի երևում օպերան: Ասում եմ,- «շատ են հա՞, դեռ դուրս չեմ էկել, հիմա գնում եմ, մի հատ էս մի ինաուգուրացիան նայեմ, իջնեմ»: Հետո հասկանում եմ, որ Գլենդելում ապրող մարդուն հարցնում եմ «օպերայում շատ մարդ է հավաքվել, թե չէ»`օպերայից մի քանի մետր հեռավորության վրա լինելով, որովհետև նա ուղիղ հեռարձակմամբ նայում էր օպերայի երդմնակալությունը: Ասում է` «սպասում եմ Րաֆֆին` գա մի հատ տեսնեմ, գնամ, քնեմ»:
Ամերիկայում գիշեր էր…
Մենք անհավանական մարդիկ ենք:
Իսկ գորգը դեռ ձգվում էր:
Հետո ուղեգորգն ավարտվեց: Մենք էլի նախագահ ունեցանք և նա էլի ունեցավ մեզ…
Այսպես սկսվեց երդմնակալությունների օրը: Հետո հրապարակում սկսվեց մի ուրիշ գարուն:
Օպերայի երդմնակալության առաջին արարն ավարտվեց շուտ ու դուրս եկանք մի տեսակ գլխիկոր: Սայաթ-Նովա փողոցն անցնելիս դիմացից ինտելեկտով բոլորովին չծանրաբեռնված մի աղջիկ, բջջայինն ու ծամոնը սինխրոն կիրառելով, շատ համոզված ասում էր զրուցակցին. -«վայ մի հատ տենաս ինչ թափթփուկներ են հավաքվել օպերայում»: Անսպասելի էր …անարդար էր օրիորդի դիտարկումն ու քաղաքացիական հայեցակետը..
Բայց այս ամենն ընդամենը նախաբանի փոխարեն: Այն, ինչի մասին ուզում եմ գրել բոլորովին կապ չունի Րաֆֆու, Սարգսյանի ու մնացածի հետ:

Սովորաբար երբ գրում եմ մի բանի մասին, որն ակնհայտ կարող է վատ հետևանք ունենալ ինձ համար`անկեղծ ասած երբեք չեմ վախենում: Եվ ոչ այն պատճառով, որ համարձակ եմ, այլ որովհետև սովորաբար չեմ մտածում վախենալու մասին: Իսկ վախենալու դեպքում որպես սկզբունք` վախենում եմ բարձրաձայն: Գրում եմ ,որ վախենում եմ… ու օգնում է…
Իսկ հիմա, երբ ուզում եմ գրել` անկեղծ ասած` վախենում եմ: Իմ ընկերներն իրար ուտում են: Ընդ որում նրանք, որ ոչ մի շահ չունեն, ոչ մեկից` ոչ սրանից, ոչ նրանից, ու բոլորն ուզում են արդարություն: Բայց ընկերներս գժվել են: Վախենում եմ դրանից: Ես առաջին անգամ վախենում եմ մտածածս բարձրաձայն ասել, որովհետև եթե Րաֆֆու մասին հրճվանքով չես խոսում, ուրեմն Սերժի կողմից ես, ուրեմն ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ–ի համար ես դեմ գրում ու «չես էլ ամաչում դրանց ջրաղացին ջուր ես լցնում»: Առաջին անգամ չէ իհարկե, 2008-ին էլ էր բացառված կարծիք հայտնել, եթե այն հրճվանքով չէր լցված, բայց այն ժամանակ բոլոր սահմաններն ընդգծված էին, ու «ամեն մեկը գիտեր իր տեղը»: Այս անգամ կարծես թե ֆավորիտ չկար սկզբում, ֆանատներ չկային, մենք էինք ու մեր չընտրելը…
Արդեն այն տարիքում չես, որ ամեն իրական ու վիրտուալ ծանոթ, բարեկամ, հարևանի առաջ արդարանաս, անգամ բացատրես, թե ինչ էիր ուզում ասել, որովհետև լսող չկա նախ…
Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայներն ինձ համար տոնի պես մի բան էին, որովհետև իմ ժողովուրդն առանց քաղաքական խմբավարի, անառաջնորդ մնացած իմ ժողովուրդը գլխիկոր գնաց ընտրեց, գնաց չընտրեց ավելի ճիշտ… ու ես ոգևորված էի բոլորից շատ: Ես այս ընթացքում հասցրել եմ վիճել ամենամտերիմ մարդկանց, ընկերների, լրագրողների հետ` համոզելով, որ չի կարելի ծաղրել այս հրաշալի, առաջին անգամ առանց ֆանատիզմի ժողովրդական ցասումը, մարդկանց, որոնք անկախ էին, անշահախնդիր ու ազնիվ:
Ու հասել եմ մի կետի, երբ ինքս ուզում եմ ասել, որ այսպես չի կարելի հիմարացնել շարժումը, մարդկանց անբացատրելի կամքը, պատրաստակամությունը, չի կարելի ծաղրել գրագետ մարդկանց ուղեղները, իրոք չի կարելի: Սա ասելուց հետո չէի ուզենա իհարկե լսել, որ հասկանալի է, թե ում օգտին եմ այսպես գրում, որովհետև ես ոչ մեկի, բացարձակապես և, առավելևս, ոչ մեկի օգտին էլ չեմ գրում` անծանոթներին համոզելու ցանկություն չունեմ, ճանաչողները վստահ են, որ ուզածս միայն արդար ընտրությունն է, բարեկեցիկ կյանքով ապրող Հայաստանը:
Ինչո՞ւ պիտի գրագետ, կրթված, մտածող մարդը առավոտյան 12-ին գա Օպերայի հրապարակ ու լսի աղոթք, զգացմունքային նախադասություններ, հավերժական Հայաստանի, հավիտենական հաղթանակի ու նման անբռնելի ու անըմբռնելի բաների մասին ու ստիպված լինի իրեն չհասկացողի տեղ դնել, որ հանկարծ չհուսահատվի, որ շարունակի պատկանել միասնությանը, որն իրոք հաճելի է, իրոք` հուսադրող: Ինչո՞ւ պիտի մարդիկ ստիպված լինեն չասել այն, ինչ զգում են, որ հանկարծ այս մի շարժման ընթացքում մտասևեռված իր ընկերները, ծանոթները չասեն . «հա դե պարզ ա»: Ծանոթնե´ր, ընկերնե´ր, բարեկամնե´ր, մտերիմնե´ր ու նման բաներ, ես պարտավոր չեմ ինձ հիմարացնել միայն պատճառով, որ դուք իմ մասին լավ կարծիք ունենաք:
Մեր հասարակության ակտիվ մասի մի մասը, գուցե գերակշիռ մասը այս կամ այն կուսակցության կազմում կամ հարակից տարածքներում դասավորել է իր առաջիկա կենսագրությունը և գուցե պարտավոր է ի պաշտոնե ունենալ այս կամ այն տեսակետը`դա իրենց անձնական խնդիրն է, բայց մարդկանց մեծ մասը դեռ շարունակում է մնալ չեզոք տարածքներում, և թույլ տվեք նրանց ունենալ ու բարձրաձայն ասել իրենց կարծիքը: Որովհետև հակառակ դեպքում դուք անում եք մարդկանց հետ նույնը, ինչ վարչակարգը` ներկա, նախկին, ավելի նախկին, ինչ մյուս կուսակցությունները, որոնք բրդում են իրենց շահը: Այդ մարդիկ քիչ չեն: Թույլ տվեք՝ այդ մարդիկ չվախենան բարձրաձայն ասել, որ հասկանում են հիմարությունը, չեն ուզում թմրեցրած տեսնել այս ամենաանկախ. ամենատարերային, ստացվող շարժումը: Թե չէ ստացվում է պաշարման մեջ ենք ու պաշարման մեջ հայտնված գերեվարվածներս ամենաոչշահեկան վիճակում ենք:
Մեկը, որ Րաֆֆու կողմնակիցն էր, ասում է՝ էլ կողմանկից չեմ, ընկերները վրա են տալիս, նա գրում է. «ես սպասում էի, որ ինձ վրա կհարձակվեն, բայց որ դու կլինես առաջինը`չէի սպասում..»: Ասում է իր մտերիմ մարդկանցից մեկին: Սրանք մի տեսակ շեքսպիրյան կրքեր են մի պարզ բանի շուրջ`մարդը որի շուրջ դասավորել էինք մեր հույսը, մեզ չի գոհացնում այս պահին: Դրա համար չեն անիծում իրար, չեն դադարում ընկերություն անել, չեն վիրավորում, ազատ թողեք իրար, մի սահմնափակեք իրար իրավազրկության ենթաաշերտ ստեղծելով`առանց այն էլ իրավազուրկ ենք:
Այո, ես չեմ ընդունում պարզունակ քարոզը, կրկներգերը, գնացեք հետո կգաքները, «ուրբաթ օրը համեցեք տար» հրավերները: Պետք է հաշվի առնել հավաքվածների անցած կենսագրությունն ու փորձը, մտածելու ունակության շառավիղը և չառաջնորդվել առաջին շարքերում կանգնածների կողմից` նախադասությունը դեռ չավարտած հավանության արժանանալու ցուցանիշով: Առաջին շարքերը բոլոր շարժումների ժամանակ ազատել են իրենց մտածելու բեռից`անշնորհակալ բեռից…

Մտածում էի գտնել ամենաչեզոք լրատվամիջոցը ու գրածս հրապարակել այդտեղ` չգտա…. մեր տան պատին չէի կպցնելու սա` կարդացող չէր լինի: Ինչևէ` ես չեմ ուզում տեսնել այս շարժման մարելը, ես չեմ ուզում՝ վախենանք հիմա էլ իրարից, ես չեմ ուզում հեռանալ հրապարակից գլխիկոր…

Լուսինե Հովհաննիսյան, Zham.am