ՀԱԿ համագումարում ողջույնի խոսք ասացին ՀՅԴ-ից և ԲՀԿ-ից

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համագումարը: Իրենց ողջույնի խոսքն ասացին ՀՅԴ և ԲՀԿ կուսակցությունների ներկայացուցիչները` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ Ստեփան Մարգարյանը: Ողջոյնի խոսք ասացին նաև «Հայաստանի ժողովրդական կուսակցության» նախագահ Ստեփան դեմիրճյանն ու Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետուհի Լյուդմիլա Սարգսյանը։

Հիշեցնենք, որ «Հայոց համազգային շարժում»-ը «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն վերանվանելու որոշում է կայացվել այս տարվա փետրվարի 23-ին ՀՀՇ արտահերթ 18-րդ համագումարի բանաձևով, որին կողմ է քվեարկել ներկաներից 375-ը, դեմ՝ 6-ը, ձեռնպահ եղել է 3 մարդ:

«Հայ ազգային կոնգրես» դաշինքը կազմվել է 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունում առաջադրված նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող շուրջ 20 քաղաքական ուժերից, տասնյակ ՀԿ-ներից և հազարավոր անհատներից:

Այս պահին համագումարի մասնակիցները ՀԱԿ-ի անցած պայքարի ճանապարհի մասին ֆիլմ են դիտում: