Ծաղկապատ տարածքների ծավալը մայրաքաղաքում այս տարի կավելանա 1.5 հեկտարով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն, ծանոթացել մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ ընթացիկ աշխատանքներին. տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակներն ու դրանց ծավալները` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի արտերկրից ներկրվել և ջերմատանն աճեցվում է շուրջ 1.2 մլն ծաղկասածիլ, ևս 800 հազարը տեղում է աճեցվել: Շուտով ծաղկասածիլները կտեղափոխվեն և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կզարդարեն փողոցները, մայթերը, սիզամարգերն ու հանգստի գոտիները: Հենց այստեղ աճեցված ծաղիկներով են ստեղծվելու նաև ծաղկային հետաքրքիր կոմպոզիցիաները:

Ընդհանուր առմամբ ծաղկապատ տարածքների ծավալը մայրաքաղաքում այս տարի կավելանա 1.5 հեկտարով և, շուրջ 2 մլն 200 հազար ծաղկասածիլների շնորհիվ, կկազմի ավելի քան 7 հեկտար:

«Մայրաքաղաքի կանաչապատման և արտաքին տեսքի ձևավորման գործում շատ կարևոր է նաև ծաղկապատման աշխատանքների ճիշտ կազմակերպումը: Անհրաժեշտ է ընտրել այնպիսի ծաղկատեսակներ, որ մայրաքաղաքում ծաղիկներ ունենանք վաղ գարնանից սկսած մինչև ուշ աշուն: Կարևոր է նաև մեր բնակլիմայական պայմաններին արագ ու հեշտ հարմարվող ծաղկատեսակները տեղում աճեցնելը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բնապահպանության վարչության պետը նաև տեղեկացրել է, որ ապրիլի 14-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնեու համար նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են: Նշվել է նաև, որ այս տարի, միայն գարնանային ծառատունկի շրջանակում, մայրաքաղաքում կտնկվի շուրջ 40 հազար ծառ և թուփ:

Մեկնաբանել