Անհետացող ճարտարապետություն

Լույս է տեսել անցյալ դարի 60-ականների երեք հայտնի հայ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի և Հրաչյա Պողոսյանի կյանքի և համատեղ ստեղծագործական ուղու մասին պատմող գիրք։

Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի և Հրաչյա Պողոսյանի անուններն այսօր երիտասարդներին բան չեն ասում, նրանցից քչերն են լսել 20-րդ դարի 60-ականների երեք հայտնի հայ ճարտարապետների մասին: Սակայն եթե նրանց խնդրեն թվել Երևանի ամենատպավորիչ և ինքնատիպ շենքերը, առաջին հերթին կհիշեն հենց այս հեղինակների աշխատանքները՝ Մարզահամերգային համալիր, «Ռոսիա» կինոթատրոն, Երիտասարդական պալատ, «Զվարթնոց» օդանավակայան, Եղեռնի հուշահամալիր։

Ապրիլի վեցին Ճարտարապետների միությունում կայացավ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի և Հրաչյա Պողոսյանի կյանքի և համատեղ ստեղծագործական ուղու մասին պատմող գրքի շնորհանդեսը, հեղինակ՝ ճարտարապես Կարեն Բալյան: «Այս գիրքը վաղուց է գրվել, խորհրդային տարիներին դեռ: Բայց քաղաքական բարդ իրադարձություններ տեղի ունեցան, երկրներ վերացան, ստեղծվեցին, մի խոսքով՝ նոր հնարավորություն ստեղծվեց տպել այն: Այդ շրջանի ճարտարապետության նկատմամբ հիմա հետաքրքրությունն աճում է: Երբ հնարավորություն ստեղծվեց տպել այս աշխատանքը, ես վերանայեցի և հասկացա, որ այն դարձել է անցյալի մասին գիրք: Երևանի կառույցները ոչնչանում են»,– իր գիրքը ներկայացրեց մոսկվայաբնակ ճարտարապետը։

Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան՝ այս անունները վստահ կապվում են ժամանակակից հայ ճարտարապետության նոր շրջանի հետ, որի խթանը հենց իրենք էին: Նրանց շատ աշխատանքներ պետական և մասնագիտական մրցանակների են արժանացել և հռչակել հեղինակներին: Երեքի միասնությունը գործում էր 25 տարի շարունակ: Բալյանն իր գրքում հավաքել է նրանց աշխատանքային էսքիզները, գրառված մտքերը, արժեքավոր ֆոտոարխիվ, հոդվածների և հարցազրույցների ընտրանի:

Կարեն Բալյանն ասում է, որ իր գիրքը պիտի դաս դառնա ապագայի համար: Ճարտարապետությունն այն միջավայրն է, որում ապրում և զարգանում է մարդը: Այն մարդուն բաժանում է բնությունից, հեռացնում և միևնույն ժամանակ մոտեցնում բնությանը: Ինչպես հնչեց միջոցառման ընթացքում, ճարտարապետները պետությանը ամենամոտ կանգնած մարդիկ են, քանի որ նրանք են կերտում այդ պետությունն ու դրա գաղափարը:

«Գերմանացիներն անցան տոտալիտարիզմի դժոխքով, ինչպես և մենք: Բայց մենք չկարողացանք ազատվել դրա հետքերից: Մենք շարունակում ենք մեր շենքերը նմանեցնել տոտալիտար շենքերին: Իսկ գերմանացիները Ռեյխսթագը վերակառուցեցին և սկզբունքորեն թափանցիկ դարձրին այն՝ ապակիներով: Դուք քայլում եք այդ գմբեթի տակ և տեսնում եք ներքևում աշխատող պառլամենտը, դրսից ներսն եք տեսնում, ներսից՝ դուրսը: Նրանք ուզում են ասել՝ հիշում ենք պատմությունը, բայց մենք չենք կրկնելու այն, մենք սխալվել ենք: Իսկ մենք ի՞նչ ենք ասում»,– շնորհանդեսին խորհում էր Կարեն Բալյանը:

Այս գրքի հերոս դարձած ճարտարապետների բազմամյա աշխատանքից այժմ պահպանվում և խնամվում է միայն Մարզահամերգային համալիրը: «Զվարթնոց» օդանավակայանն այլևս չի գործում, չի գործում «Ռոսիա» կինոթատրոնը: Երիտասարդական պալատի անհեթեթ ոչնչացումն էլ մինչ օրս տարբեր ասեկոսեների առիթ է: Կարեն Բալյանն ասում է, որ ժամանակին եղել է հրաման «Ռոսիա» կինոթատրոնի դեմոնտաժման մասին: «Այն չի քանդվել միայն այն պատճառով, որ այնպիսի բարդ կառույց է, որ անհնար էր դեմոնտաժել, հնարավոր չէր պարզապես վերցնել ու քանդել: Բայց միայն այս հեղինակների գործերը չեն վտանգված, այլև Երևանի ամբողջ միջավայրը»:

«Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան» գիրքը լույս է ընծայել եկատերինբուրգյան «Տատլին» հրատարակչությունը, որն արդեն 12 տարի շարունակ աշխատում է բացառապես ճարտարապետության թեմային նվիրված գրականության տարածման ուղղությամբ:

Հրատարակչության հիմնադիրներ Էդուարդ և Տատյանա Կուբենսկիները ժամանել էին Հայաստան՝ գրքի շնորհանդեսին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Երևանի ներկա և նախկին քաղաքապետներ Տարոն Մարգարյանը, Մուրադ Մուրադյանն ու Արտաշես Գեղամյանը: Շնորհավորանքներ ընդունեց Հրաչյա Պողոսյանը՝ վերջին մոհիկանը հայտնի եռյակից: