Եթե Աստված կա, նա արդեն հանրապետական է

Լուսանկարը՝ PanArmenian-ի:

Անկախությունից հետո եկեղեցու հետ տեղի ունեցավ աններելին: Այն սովորեց լինել հինգերորդ իշխանություն: Իշխանության մենթալիտետից եկեղեցին յուրացրեց սոցիալական հարմարավետությունը, նույնիսկ ոչ քաղաքականը: Քաղաքականի համար անկախության առաջին տարիներին եկեղեցին շատ էր աղքատ: Իսկ այսօր այն չափազանց կախյալացել է իշխանությունից քաղաքական կառույց դառնալու համար:

Եկեղեցին նման է օլիգարխի, ՍԴ նախագահի, ԿԸՀ նախագահի, ՀՌԱՀ նախագահի, Վճռաբեկ դատարանի նախագահի: Այն իմաստով, որ սրանք ժամանակակից Հայաստանում բուտաֆորիաներ են: Դեռևս երբեք ժամանակակից Հայաստանում այս մարդիկ կամ նրանց ինստիտուտները որևէ հարց չեն լուծել, բոլոր հարցերը լուծել է մեկ մարդ՝ երկրի ղեկավարը, այս երկրի իրական աշխարհիկ և «հոգևոր» տերը: Նա է բոլոր մարիոնետ ինստիտուտների խաղավարը: Ներառյալ եկեղեցու; Հետևաբար ինքնուրույն ոչինչ չկա այսօրվա եկեղեցու մեջ: Պատճառը ոչ թե այն է, որ եկեղեցին փակ կառույց է, ինչպես ԱԱԾ-ն կամ ՊՆ-ն, այլ այն, որ անկեղծ չէ: Անկեղծ չէ և Աստծո հետ իր հարաբերությունների մեջ, և մարդկանց, և քաղաքական իշխանությունների: Այսօր նա միայն հարմարավետություն է ուզում: Նրա օրգանիզմն անկախությունից հետո հենց այդ հարմարավետությանն է սովորել:

Եկեղեցու, եկեղեցականի ինչի՞ն է պետք սոցիալական հարմարավետությունը: Պատասխաններից մեկն այն է, որ՝ բարեգործություն անի: Տարբերակ է: Ես գիտեմ նաև, որ անում է: Սակայն խնդիր է ծագում՝ որտեղի՞ց եկեղեցուն գումար և միջոցներ բարեգործության համար, եթե հայ ժողովուրդը միայն աղքատացել է անկախության առաջին օրից մինչև այսօր: Պարզ է՝ այդ գումարը նրան տվել է իշխանությունը: Ուրեմն, ինչու՞ եկեղեցին չպետք է վերածվի 5-րդ իշխանության կամ նախարարության առանց պորտֆելի: Հետևաբար, երբ ասում եմ, որ եկեղեցու հետ տեղի ունեցավ աններելին, նկատի ունեմ, որ իշխանությունը մարդկանց աղքատությունը ծառայեցրեց եկեղեցուն իր հրեշավոր գործերի մեջ ներքաշելու ծրագրին: Աղքատ ժողովրդի մեջ, որոնք «տասանորդ» չունեն եկեղեցուն տալու համար, ինչպես աղանդ ակտիվանում է քաղաքական, աշխարհիկ իշխանությունը: Այսինքն, մեր իշխանությունը իր էությամբ գրեթե քաղաքականացված եկեղեցու աղանդն է: Եվ այդ աղանդը կարողացավ կանոնիկ եկեղեցուն ներքաշել իր մեջ: Այսինքն, իշխանությունը մերժեց հոգևորը, եկեղեցուն «ազատագրեց» հոգևորի ցուցքից: Իսկ հավատացյալն իր պետական արժեքներում մնաց անայլընտրանք՝ ում կողմն էլ թեքվի, իրենը չեն: Եկեղեցին ձևավորում է Ազգային եկեղեցական ժողովը, որտեղ քվեարկում է պետական իշխանությունն իրեն կցված մտավորականներով և հոգևորականները: Հավատացյալն այդ ընտրությունում չկա, ինքը չգիտի, օրինակ, վարչապետն ի՞նչ գործ ունի Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդում:

Իշխանության ինչի՞ն էր պետք այս ամենը, արդյո՞ք այն լավ էր յուրացրել Պապ թագավորի պատմությունը: Կարծում եմ, Պապն այստեղ կապ չունի: Եկեղեցին ընկավ երկիրը «բիրիքով» ունենալու մեր բոլոր իշխանությունների ախորժակի կամ «դրբի» տակ: Եկեղեցին, որպես հոգևոր հնազանդության տնտեսություն սեփականացրին, որպեսզի հայ հավատացյալը հանկարծ եկեղեցու միջոցով կամ օգնությամբ չփորձի ընդվզել: Սա առանձնապես լավ ծրագրված «հոգեորսություն» չէր, պարզապես այդ «բիրիքի» մեջ առկա է նաև այս տրամաբանությունը՝ ժողովրդին աղքատացնում ես, որպեսզի ընտրակաշառք բաժանես, եկեղեցին «առգրավում» ես, որպեսզի կառավարես հավատացյալի հոգևոր ապաստարանը: Մի խոսքով, Հայաստան աշխարհը բոլոր ինստիտուտներով է հանրապետականացված: Շնորհիվ սրա է եկեղեցին այսօր ձեռքերը լվացել քրիստոնեությունից: Եվ, ըստ իս, նույնիսկ տրամաբանական է, որ այդպես էլ պետք է լիներ: Իշխանությանն ի՞նչ՝ Աստված կա, թե չկա: Լինի, «որ ի՞նչ անի»: Իսկ եթե չկա, եկեղեցին ի՞նչ կարող է անել իշխանության հետ, ինչո՞վ կարող է սպառնալ: Եթե Աստված կա, նա արդեն հանրապետական է, իսկ եթե չկա, Աստված իր հետ:

Մեկնաբանել