Թուրքիայում 3 մլն թուրք և 3 մլն քուրդ մոտ ազգակիցներ են. «Իմաստունների հանձնաժողով»

Թուրքիայում թուրք-քրդական հաշտեցման նպատակով ստեղծված «Իմաստունների հանձնաժողովը» մեկնել է Էգեյան տարածաշրջան` հանրության հետ հանդիպումներում տարածելու խաղաղության հաստատման գաղափարները:

Իզմիրում կայացած հանդիպումն անցել է լարված մթնոլորտում: «Թուրքիայի երիտասարդական միությունն» ամբողջ ճանապարհին ուղեկցել է պատվիրակությանը` բողոքելով նախաձեռնության դեմ: Ըստ Milliyet-ի` նրանք բղավել են, որ թույլ չեն տալու, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) համատեղ Սահմանադրություն ընդունեն` կոչ անելով նրանց հեռանալ քաղաքից:

«Իմաստունների հանձնաժողովի»` Իզմիրի պատվիրակության նախագահ Թարհան Էրդեմի` ժողովրդի հետ հանդիպմանն արտահայտած մտքերը լայն արձագանք են գտել Թուրքիայում: «Թուրքիայում 14-15 մլն քրդական ծագումով քաղաքացիներ կան: Թուրքիայի բնակչության 15-18%-ը քրդեր են. քուրդ է Ստամբուլի բնակչության 18%-ը: Թուրքիայում 3 մլն թուրք և 3 մլն քուրդ շատ մոտ ազգակցական հարաբերություններ ունեն: Նրանցից մեկն ասում է, որ քուրդ է, մյուսը` թուրք»,- ասել է Էրդեմը: Ըստ նրա` թուրքերի և քրդերի միջև խաղաղության հաստատման միակ երաշխավորը ժողովրդավարությունն է:

Նշենք, որ թուրքերի և քրդերի միջև խառնամուսնությունների արդյունքում ձևավորված ընտանիքների անդամներից մեկն իրեն քուրդ է համարում, մյուսը` թուրք: Ավելի հաճախ իրենց քուրդ են համարում աղջիկները:

«Իմաստունների հանձնաժողովը» ձևավորվել է Օջալանի նովրուզյան ուղերձից հետո, որով նա քուրդ զինյալներին զենքը վայր դնելու կոչ էր արել: Խաղաղության հաստատման նպատակով ստեղծված հանձնաժողովը երկրի տարբեր շրջաններում շարունակում է աշխատանքները ժողովրդի հետ: Հիմնականում լրագրողներից և հասարակական գործիչներից կազմված հանձնաժողովում ընդգրկված է նաև պոլսահայ լրագրող Էթյեն Մահչուպյանը: