Տրապիզոնի Սբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի կվերածվի

Տրապիզոնի Սբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի կվերածվի, հաղորդում է «Ակօսը»: Տրապիզոնի մուֆթին հայտարարել է, որ գործող տաճարը մզկիթի վերածվելուց հետո կրկին որպես կրոնական դպրոց (իմամ հաթիփ) կծառայի:

Կ. Պոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղեմիոսն արդեն արձագանքել է այս որոշմանը` նշելով, որ տաճարը մզկիթի վերածելու անհրաժեշտություն չկա, քանի որ Տրապիզոնի շրջանում մզկիթների թիվը մեծ է: Հունաց պատրիարքն ասել է, որ այն պետք է շարունակի գործել որպես թանգարան, այլ ոչ թե որպես մզկիթ:

Տրապիզոնի Սբ Սոֆիա տաճարը կառուցել է Բյուզանդիայի կայսր Մանուել Կոմենոսը 13-րդ դարում: 1584թ. Անատոլիայի բեյլերբեր Քուրդ Ալի բեյն այն վերածել է մզկիթի: Հետագա դարերի ընթացքում էլ այն գործել է մերթ որպես եկեղեցի, մերթ որպես մզկիթ: Թանգարանի է վերածվել 1964թ.:

2011թ. էլ նամազի կատարումից հետո մզկիթի էր վերածվել Իզնիկի Սբ Սոֆիայի տաճարը:

Բացի այդ` Թուրքիայի Ազգային մեծ ժողովին առաջարկվել է Կ. Պոլսի հռչակավոր Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել: Թուրքիայի մեջլիսն ընդունել է առաջարկը` հարցն ընդգրկելով օրակարգում: