Իրանը մտադիր է Թուրքմենչայի պայմանագրով հետ վերադարձնել Ադրբեջանը

Իրանի խորհրդարանականների մի խումբ աշխատում է օրինագծի վրա, որով նախատեսվում էԱդրբեջանը կցել Իրանին դեռ 19-րդ դարում ստորագրված պայմանագրի կետերի վերամեկնաբանման միջոցով, որով ժամանակակից Ադրբեջանի և Հայաստանի մեծ մասը հանձնվել էր Ռուսաստանին, գրում է eurasianet.org –ը:

1828թ. Թուրքմենչայի պայմանագրով ավարտվել է ռուս-թուրքական պատերազմը, և Անդրկովկասում հաստատվել էր Սանկտ Պետերբուրգի իշխանությունը (Թեհրանն այդ ժամանակ արդեն Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանին էր զիջել Վրաստանը):

Ներկայում իրանցիները պնդում են, որ պայմանագիրը պարունակում է կարևոր կետ, որը մինչ այժմ անտեսվել է:

Ըստ իրանական FARS-ի՝ իրանցի խորհրդարանականները նշում են, որ պայմանագիրը ստորագրվել է 100 տարով, և հետևապես՝ Ադրբեջանը պետք է «հետ կցվի» Իրանին: Ավելին ՝ Ռուսական կայսրությանն անցած քաղաքները պետք է հետ վերադարձվեն Իրանին նույն սցենարով, ինչպես Հոնկոնգը՝ ըստ բրիտանա-չինական պայամանագրի:

Բաքվում քաղաքական գործիչներն «իրենց չեն կորցրել»՝ հայտարարելով, որ Իրանը պետք է Ադրբեջանին որոշ տարածքներ հանձնի, մասնավորապես՝ սահմանային հյուսիս-արևմտյան շրջանները, որոնք հիմնականում բնակեցված են էթնիկ ադրբեջանցիներով և Իրանի 74,8 մլն բնկաչության մեկ չորրորդն են կազմում:

«Պարսիկները մշտապես մեզնից կախվածության մեջ են եղել», – նշում է Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիավուշ Նովրուզովը:

Թեհրանի և Բաքվի միջև թշնամությունը նոր բան չէ, և այն արդեն շարունակվում բազմաթիվ տարիներ, որը երկու երկրների իշխանությունները ամեն կերպ փորձում են զսպել: Չնայած բարձր մակարդակով գործադրվող դիվանագիտական ջանքերին՝ երկու երկրների միջև մշտապես առկա են փոխադարձ տարածքային հավակնություններ,պայքար Կասպիցի էներգետիկ ռեսուրսների համար:

Ընթացիկ տարվա մարտին Բաքվում տեղի է ունեցել Իրանի ադրբեջանցիների հավաքը, որոնք հանդես են գալիս Իրանից անջատվելու և Ադրբեջանին միանալու գաղափարի օգտին: Թեհրանը այս միջոցառմանը պատասախանել է բողոքի նոտայով, որին հետևել է Թուրքմենչայի պայմանագրի հետ կապված նախաձեռնությունը:

Պայմանագրի նոր մեկնաբանություններով Հայաստանի նկատմամբ, որը ևս հիշատակվում է Թուրքմենչայում ստորագրված փաստաթղթում, հավակնություններ չկան:

Անդրկովկասում, որտեղ բոլորը միմյանց նկատմամբ տարածքային հավակնություներ ունեն, և որոնց մասին հայտարարվում է հրապարակավ կամ գաղտնի, պատմության վերանայման բոլոր փորձերը սուբյեկտիվ բնույթ են կրում և կարող են չափազանց վտանգավոր հետևանքներ ունենալ:

Մեկնաբանել