Գերմանիայում ստեղծվել է եվրոյի դեմ հանդես եկող կուսակցություն

Գերմանիայում ընթանում է եվրոպական միասնական արժույթի դեմ հանդես եկող նոր կուսակցության առաջին համագումարը, հաղորդում է BBC-ն։ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կոչ է անում հրաժարվել եվրոյից, որպեսզի եվրոգոտու անդամ երկրները կարողանան վերադառնալ իրենց սեփական արժույթներին։

Այս տարվա մարտին ստեղծված կուսակցության համագումարի մոտ մեկուկես հազար մասնակիցները ոգևորությամբ են ընդունել իրենց առաջնորդ Բեռնդ Լյուկեի ելույթը։

«Եվրոյի պատճառով Հարավային Եվրոպայի բնակիչները չեն վարանում իրենց արհամարհանքն արտահայտել Գերմանիայի նկատմամբ՝ օգտագործելով նացիստների հետ համեմատություններ,- ասել է նա։ – Եվրոն ֆիասկո է ապրել, և սխալ կլինի շարունակել հավատալ հեքիաթին»։

Եթե եվրոն փլուզվի, Եվրոպան կանգուն կմնա, ասում է Լյուկեն։ Նրա կարծիքով՝ Հարավային Եվրոպայի երկրներին տրվող ֆինանսական օգնությունը նրանց խնդիրները չի լուծի, այլ միայն կխորացնի։

Ընդ որում՝ նա ընդգծում է, որ իր կուսակցությունը հանդես չի գալիս՝ ընդդեմ եվրոպական միասնության։

BBC-ին ավելի վաղ տված հարցազրույցում պրոֆեսոր Լյուկեն նշել էր, որ Եվրոպային ավելի դժվար է հաղթահարել ֆինանսական դժվարությունները միասնական արժույթի պատճառով։ Մրցունակության հետ կապված խնդիրներ ունեցող որոշ երեկրների անհրաժեշտ է իրականացնել դևալվացիա, ասում է նա, սակայն ներկա պայմաններում դա հնարավոր չէ։

Նրա կուսակցությանը հաջողվել է ստանալ մի շարք ակադեմիկոսների, ինչպես նաև դաշնային կանցլեր Անգելա Մերկելի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունից հիասթափված անդամների աջակցությունը։ Նոր կուսակցությունը ծրագրում է հասնել շվեյցարականի օրինակով ազգային հանրաքվեների անցկացման Եվրամիության կողմից ընդունվող որոշումների, այդ թվում՝ այլ երկրներին տնտեսական օգնության փաթեթների հատկացման վերաբերյալ հարցերի շուրջ։

Միաժամանակ՝ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ միասնական արժույթին կողմ է հանդես գալիս գերմանացիների 2/3-ը։

Համաձայն ապրիլի սկզբին իրականացված հարցման՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել Գերմանիայի բնակիչների 7%-ը, ևս 17%-ը դեռ մտածում է այդպիսի հնարավորության շուրջ։ Սակայն նոր կուսակցությանը դժվար թե հաջողվի սեպտեմբերին կայանալիք համընդհանուր խորհրդարանական ընտրություններին հաղթահարել անցողիկ 5%-անոց շեմը։

Սակայն վերլուծաբանների կարծիքով՝ այն կարող է զգալի ձայներ «փախցնել» Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունից, ինչը կարող է Անգելա Մերկելի համար դժվարացնել իշխանության պահպանումը։

Մեկնաբանել