Գերմանիան Nabucco-ում իր մասնաբաժինը վաճառել է Ավստրիային

Ավստրիական նավթագազային OMV ընկերությունը գնել է Nabucco գազամուղի կառուցման կոնսորցիումում գերմանական RWE էներգետիկ կոնցեռնի մասնաբաժինը, հաղորդում է ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ը: Ընկերության մամլո հաղորդագրության համաձայն՝ RWE-ի մասնաբաժինը OMV-ը գնել է դեռ մարտի սկզբին: Գործարքի արժեքը չի հրապարակվել: Nabucco-ի կոնսորցիումին մասնակցում է ոչ միայն OMV-ը, այլև ընկերություններ Բուլղարիայից, Հունգարիայից, Ռումինիայից և Թուրքիայից:

Բրիտանական Financial Times պարբերականը մարտի սկզբին տեղեկացրել էր, որ RWE-ն նավթի և գազի հետախուզման իր գոլբալ պորտֆելը վաճառում է՝ մտադիր լինելով հեռանալ այս ոլորտից: Փորձագետները RWE-ի այս քայլը պայմանավորել են ընկերության՝ պարտքային ծանրաբեռնավածությունը, ինչպես նաև կապիտալի ծախսերիի նվազեցնելու մտադրությամբ, որը, իր հերթին, պայմանավորված է Բեռլինի՝ ատոմային էներգիայից վերականգնվող էներգիայի տեսակներին անցնելու մտադրությամբ: Դեռ այդ ժամանակ տեղեկություն է տարածվել, որ RWE-ն վաճառում է Nabucco-ի իր մասնաբաժինը, քանի որ այն զգալի կապիտալի ներդրում է պահանջում:
Nabucco-ի նպատակը Կենտրոնական Ասիայից Եվրոպա գազի տարանցման նոր երթուղու ստեղծումն է: Սկզբնապես ծրագրվում էր, որ գազամուղի երկարությունը կկազմի շուրջ 4 հազ. կմ՝ ձգվելով Թուրքիայի մերձկասպյան շրջանից մինչև Եվրոպայի հարավ-արևելք՝ ընդհուպ Ավստրիա: Ավելի ուշ նախագիծը վերափոխվել է, ըստ որի՝ նրա կրճատված տաբերակը՝ Nabucco West-ը, պետք է ձգվի Թուրքիայից Բուլղարիայով, Հունգարիայով և Ռումինիայով մինչև Ավստրիա: