Լիբիային Հայաստանից զենք մատակարարելու մեղադրանք ՄԱԿ-ի զեկույցում չկա. ԱԳՆ խոսնակ

Մամուլում լուրեր են հայտնվել, որ Լիբիայի դեմ պատժամիջոցների հարցով աշխատանքային խումբը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրած զեկույցում նշում է, թե Հայաստանը զենք է մատակարարել Լիբիա` չնայած գործող պատժամիջոցներին: «Արմենպրեսի» հարցին` ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրը, պատասխանել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Պատասխանը ներկայացված է ստորև:

Լիբիային նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձևի համաձայն ստեղծված փորձագետների խմբի փետրվարի 15-ի զեկույցում չկա նման ձևակերպում, թե իբրև Հայաստանից զենք է մատակարարվել Լիբիա և ընդհանրապես որևիցե մեղադրանք Հայաստանի նկատմամբ բացակայում է։

Զեկույցում, որը հասանելի է ՄԱԿ-ի կայքէջում, նշված են Լիբիա ռազմական նշանակության ապրանքների տեղափոխման հետ առնչություն ունեցող, տարբեր` այդ թվում նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներում գրանցված մի շարք մասնավոր ընկերություններ: Այդ շարքում հիշատակվում են նաև հայաստանյան գրանցում ունեցող երկու ընկերություն:

Հայաստանն՝ ի պատասխան փորձագետների խմբի հարցման, ամբողջական և սպառիչ տեղեկատվություն է տրամադրել վերոհիշյալ ընկերությունների և նրանց գործունեության մասին։

Մեկնաբանել