2013թ. ավտոպատահարների հետևանքով զոհվել է 57 մարդ

2013թ. 1-ին եռամսյակի տվյալների համաձայն` ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 57 մարդ, այդ թվում` 20 հետիոտն: Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը՝ ներկայացնելով 2013թ. ապրիլի 14-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում վթարայնության վիճակը:

«Հաշվետու ժամանակահատվածում վթարայնության վիճակը մեր գնահատմամբ բավարար է, իսկ վիճակագրական տվյալները սպասվածին մոտ են»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ եռամսյա կտրվածքով գրանցվել է 625 պատահար, որի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 897 մարդ:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վթարների թիվն աճել է 110-ով, զոհերի թիվը մնացել է անփոփոխ, իսկ վիրավորների թիվն աճել է 155-ով: Գնդապետի խոսքով` վթարների թվի աճը պայմանավորված է բնական և արհեստական պատճառներով: Ըստ նրա` բնական պատճառը տրանսպորտային միջոցների թվի աննախադեպ աճն է, իսկ արհեստականը՝ ԱՊՊԱ-ի ներդրումը, քանի որ բոլոր քաղաքացիները վթարի ենթարկվելու դեպքում դիմում են հատուցում ստանալու համար, ինչի հետևանքով ոստիկանությունը տեղեկացված է բոլոր պատահարներից:

Սարգսյանը նշեց, որ զոհերի թվի կրճատման գործում մեծ ներդրում ունեն տեսախցիկներն ու վարորդների կողմից ամրագոտիների կապումը. միայն տեսախցիկների շնորհիվ 2012թ. հնարավոր է եղել փրկել 23 մարդու կյանք:

«Տեսախցիկների և արագաչափերի տեղադրումն ազդել է ընդհանուր երթևեկության կուլտուրայի վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ 2013թ. ծրագրված է ամբողջ Հայաստանում տեղադրել ևս 50 արագափաչ և 30 տեսախցիկ:

Ներկայացնելով 2008-2012 թթ. վիճակագրությունը` գնդապետը նշեց, որ ամենամեծ թվով զոհերը գրանցվել են 2008թ., երբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել էր 407 մարդ. 2009թ. զոհվել է 325, 2010թ.` 294, 2011թ.` 327, իսկ 2012թ.` 311 մարդ:

Մեկնաբանել