Հայաստանը կմասնակցի ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական նիստին

Երկօրյա աշխատանքային այցով ապրիլի 15-ին Բելառուս կմեկնի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու ապրիլի 15-ից 17-ը Մինսկում անցկացվող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին, հաղորդում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների մակարդակով անցկացվող նիստում նախատեսվում է քննարկել առանձին երկրներում մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրներում հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել կարևոր իրադարձությունները:

Նիստին ելույթով հանդես կգա ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը՝ Հայաստանում մրցակցության կարգավորման ոլորտում կատարված աշխատանքների, ուսումնասիրության փուլում գտնվող վարույթների և մրցակցությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

Մեկնաբանել