Պայմանական ժամկետ՝ Թվիթերյան գրառումների համար

Ստամբուլի դատարանը հայտնի թուրք դաշնակահար և կոմպոզիտոր Ֆազիլ Սային դատապարտել է տասն ամսվա պայմանական ժամկետի սոցցանցերում իսլամական արժեքներին ուղղված խսիտ քննադատության համար:

Դատարանի դահլիճ չներկայացած Սայը մեղավոր է ճանաչվել բնակչության մի մասի կրոնական զգացմունքները վիրավորելու մեջ: Ավելի վաղ Սայը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է սադրիչ հայտարարություններ մուսուլմանների մասին:

Դատավորները, մասնավորապես, վիրավորական են համարել մեկնաբանություններն այն մասին, որ «բոլոր հիմարները, գողերն ու խեղկատակները խիստ հավատացյալ են», ինչպես նաև մեկնաբանությունը մուեձինի մասին, որն աղոթքի կոչն արել է ընդամենը 22 վայրկյանում:

«Ինչու՞ է շտապում, սիրուհի՞ն է անկողնում սպասում, թե՞ օղին է տաքանում սեղանին», – գրել էր Սայը:

Բացի այդ՝ քննիչներին վրդովեցրել է հետևյալ արտահայտությունը. «Մի՞թե դրախտը հասարակաց տուն է», որը Օմար Խայամի վերաշարադրված արտահայտությունն է:

Դաշնակահարի համոզմամբ՝ այս գործընթացը քաղաքական է: Նրա կարծիքով՝ այն նախաձեռնել է Թուրքիայի «Արդարության և զարգացման կուսակցության» առաջնորդ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ֆազիլ Սայը բազմիցս քննադատել է երկրի իշխանություններին: Բացի այդ՝ նա հրապարակայնորեն ասել է, որ աթեիստ է:

Սային պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել 2012թ. հունիսին: Եվրամիությունն ու այլ միջազգային կազմակերպություններ հանդես են եկել Թուրքիայի քննադատությամբ՝ հայտարարելով, որ այդ գործընթացը մարդու իրավունքների ոտնահարում է: Սայը հայտնի է Եվրոպայում, որտեղ հաճախ է լինում հյուրախաղերով: