Դեռ չենք դիմել դատարան, սակայն դա ժամանակի հարց է

Բելլույանը անհաջող կատակ է համարում, որ ինչ-որ «Կռունկ» ընկերություն կարող է 750 միլիոն եվրո ներդնել նոր ավիափոխադրող ստեղծելու համար:

Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը դադարեցրել է չվերթները և հայտարարել սնանկության գործընթաց սկսելու մասին: Regnum գործակալության հետ զրույցում «Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանն ընդունում է, որ ընկերության սնանկացման պատճառը վատ կառավարումն է: Նա անհաջող կատակ է համարում այն լուրերը, որ ինչ-որ «Կռունկ» ընկերություն կարող է 750 միլիոն եվրո ներդնել և նոր ավիափոխադրող դառնալ: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացված է ստորև:

-Պրն Բելլույան, ձեր ղեկավարած ազգային ավիափոխադրողը օրերս դադարեցրել է չվերթները և հայտարարել սնանկության գործընթաց սկսելու մասին: 2006-2008 թթ. ընկերությունը բարգավաճում էր: Ի՞նչ է փոխվել, և ինչո՞ւ է ընկերությունը հայտարարել սնանկության մասին:

-Քանի որ շարունակում եմ հանդիսանալ ավիաընկերության գլխավոր տնօրեն, կարող եմ ասել, որ ստեղծված իրադրության հիմքում վատ կառավարումն է: Եթե ինչ-որ բան այն չէ, ապա մեղավորը ես եմ: Մյուս պատճառը պետական աջակցության բացակայությունն է: Բազմաթիվ խոշոր ընկերություններ թռիչքներ են իրականացրել դեպի Հայաստան: Մինչդեռ մեր ընկերությունը փոքր է և չի կարող մրցակցել այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են «Աերոֆլոտը», «Տրանսաերոն» և «Սիբիրը»:

-Բայց ձեր ավիաընկերությունը որոշ ուղղությունների նկատմամբ ուներ մենաշնորհային իրավունքներ, այդպես չէ՞:

-Այժմ բոլորն են այդ մասին խոսում: Որևէ մենաշնորհ չկար: Մենաշնորհը ենթադրում է, որ միայն մեր ընկերությունն է չվերթներ իրականացնում Հայաստանից, մինչդեռ հայկական շուկայում աշխատում են տարբեր համաշխարհային ավիաընկերություններ: Միայն մի քանի ուղղությամբ, որոնց թվում՝ Բեյրութն ու Աթենքն են, «Արմավիան» եղել է միակ ավիափոխադրողը: Իսկ այնպիսի շահութաբեր ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան և Փարիզը, մեծ մրցակցություն կար: Մեր դեպքում գերադասելի կլիներ, եթե գործեին 2006-2008 թթ. խաղի կանոնները, երբ «Արմավիան» ծաղկում էր: Այն ժամանակ սահմանվել էր հստակ պարիտետ՝ ով որքան չվերթ ունի: Ներկայում օտարերկրյա խոշոր ավիաընկերությունների չվերթների քանակը հավասարեցվել է մեր ավիափոխադրողի թռիչքների թվին: Ավելին՝ օրինակ, դեպի Դոնի Ռոստով իրականացվում է ութ չվերթ, որոնցից միայն երկուսն է բաժին ընկնում «Արմավիային»: Մենք մեր փոքրաթիվ ինքնաթիռներով չենք կարող մրցակցել խոշոր ընկերությունների հետ:

-Ո՞ր փուլում է գտնվում սնանկության գործընթացը:

-Մենք դեռ չենք դիմել դատարան, սակայն դա ժամանակի հարց է: Ներկայում իրավաբանները պատրաստում են անհրաժեշտ փաստաթղթերը: Երբ ամեն ինչ պատրաստ լինի, կդիմենք դատարան: Դա տեղի կունենա մոտ ապագայում, իսկ մինչ այդ կվերադարձվեն տոմսերի համար ավելի վաղ վճարված գումարները: Վաճառվել է շուրջ 800 ավիատոմս: Ապրիլի 11-ից սկսվել է գումարների վերադարձը, և մենք մտադիր ենք բոլորին վերադարձնել իրենց ծախսած գումարները:

-Քանի՞ օդաչու է սնանկության արդյունքում կորցրել աշխատանքը:

-Այն բանից հետո, երբ ընկերությունում խնդիրներ ծագեցին, մեր օդաչուների մի մասը աշխատանքի անցավ օտարերկրյա ավիաընկերություններում: Նրանք լավ պատրաստված են, և չէին մնա առանց աշխատանքի: Իսկ սնանկությունից հետո շուրջ 30 օդաչու է մնացել գործազուրկ, սակայն նրանք էլ են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, և վստահ եմ՝ աշխատանք կգտնեն: Նրանց աշխատավարձերն ամբողջությամբ կվճարվեն:

-«Արմավիան» հաճախ մեղադրել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ին սպասարկման բարձր գներ սահմանելու մեջ, ինչն էլ պայմանավորել է տոմսերի թանկ լինելը: Սակայն վերջերս Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ներկայացուցիչները հայտարարել են, որ «Արմավիան» իրականում զեղչերից է օգտվել: Հետևաբար, ի՞նչն է խնդիրը: Կարելի՞ է ասել, որ օդանավակայանի կողմից խոչընդոտներ չկային:

-Մեզ զեղչեր տրամադրվել են երկար ու վճռական պայքարի արդյունքում, սակայն դրանք, ըստ իս, շատ քիչ էին: Եթե օդանավակայանն ասում է, որ բոլորի համար սահմանվել են հավասար պայմաններ, այո՛, այդպես է, ոչ ոք դա չի հերքում: Մինչդեռ պետք է հաշվի առնել, որ մյուս ընկերություններն իրականացրել են 2-3, իսկ մենք՝ 10-15 չվերթ: Այսինքն՝ իրականում մեզ համար չեն արվել էական զեղչեր:

-Որքա՞ն են «Արմավիայի» պարտքերը, մասնավորապես՝ ռուսաստանյան բանկերին և «Զվարթնոց» օդանավակայանին: Հաղորդվում է, որ ընկերությունը միայն ՎՏԲ բանկին պարտք է ավելի քան 20 մլն դոլար:

-«Զվարթնոց» օդանավակայանին մենք պարտք ենք 5 մլն դոլար: Ինչ վերաբերում է ՎՏԲ բանկին, ապա այստեղ գումարը շատ ավելի փոքր է, քան հաղորդվում է: Իրականում այն 7 մլն դոլար է, մնացած գումարը չվճարման համար տուգանքներն են: Մենք գիտենք, որ եթե դատական գործընթաց սկսվի, բոլոր տուգանքները կհանվեն: Նման մեծ գումարը շրջանառվում է զուտ սենսացիայի համար:

«Արմավիան» ունի բավական բազմազան ավիացիոն պարկ. մեկ А320, երեք Bombardier CRJ-200, երեք Boeing 737-500 և մեկ VIP դասի Յակ 42: Տարբեր տիպերի ինքնաթիռների սպասարկումը թանկ է: Ինչու՞ ավիաընկերությանը չհաջողվեց կողմնորոշվել ավիացիոն պարկի հարցում:

-Այո, ճիշտ եք, մեր պարկը բազմազան է, ինչն ինքնին խնդիր է: Փոքր ավիաընկերության պարկը պետք է բաղկացած լինի մեկ, առավելագույնը՝ երկու տիպի ինքնաթիռներից: Դա ճիշտ է մեքենաների սպասարկման տեսանկյունից: Մի պահ ունեինք Airbus մակնիշի ինքնաթիռներ, ապա որոշեցինք կանգ առնել Boeing-ի վրա: Airbus-ից Boeing-ի անցնելու ընթացքում շահագործել ենք նաև այլ արտադրողների մեքենաներ: Որոշ ժամանակ անց դրանցից էլ ենք ձերբազատվել և շահագործել բացառապես Boeing: Սակայն ընկերությունն ի վերջո չդիմացավ. սկսվեց սնանկության գործընթացը, և մենք չհասցրեցինք իրագործել նախատեսված ծրագիրը:

-Ինչո՞ւ ձեր ընկերությունը չկարողոցավ բացել անդրատլանտյան ուղղություն, չէ՞ որ ունեիք նման նպատակ:

-Սա համալիր խնդիր է: Նշված ուղղության բացումը կախված էր ոչ միայն «Արմավիայից». անհրաժեշտ էր ստանալ տվյալ մայրցամաքի իշխանությունների թույլտվությունը: Գործը ձգձգվեց, որից հետո սկսվեցին մեր խնդիրները, և մենք մոռացանք անդրատլանտյան ուղղության մասին:

-Ինչու՞ «Արմավիա»-ին չհաջողվեց դաշինքներ ստեղծել ավելի խոշոր ավիաընկերությունների հետ և տարանցիկ չվերթներ իրականացնել Հայաստանից: Դա բազմաթիվ հարցեր կլուծեր:

-«Արմավիան» չէր կարողանա այդ ամենը մենակ իրագործել: Անհրաժեշտ էր պետության օժանդակությունը: Մենք պետական մոտեցման կարիք ունեինք, ինչի մասին բավական երկար ժամանակ է՝ խոսում ենք: Նման աջակցություն ունենալու դեպքում ընկերությունը շատ ավելի կայուն կլիներ: Աջակցություն չկա, մինչդեռ բոլորը շարունակում են ասել, որ մենք մենաշնորհային դիրքեր ունենք, և որ մենք ազգային ավիափոխադրող ենք: Իրականում նման բան չկա: Այսպիսի պայմաններում անհնար է հաջողության հասնել:

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն գաղափարին, որ պետությունը մասնակցի ազգային ավիափոխադրողի ղեկավարմանը՝ միջազգային հեղինակավոր օպերատորի հետ վերջինիս միասնության պայմանով:

-Իմ խորին համոզմամբ՝ բոլորովին անհրաժեշտ չէ հրավիրել օտարերկրյա ընկերություն: Եթե ավիափոխադրողի ստեղծման հարցում լինի պետական մասնակցություն և կայուն աջակցություն, նաև մեր ջանքերով է հնարավոր լավ ավիաընկերություն ունենալ: Պետական աջակցության գաղափարը ոչ այնքան սուբսիդավորման, որքան պարիտետի սահմանումն է: Այսինքն՝ անհրաժեշտ է «վերակենդանացնել» 2006-2008 թթ. խաղի կանոնները: Ընդ որում՝ հավասարությունը չի ենթադրում մրցակցության բացակայություն: Հաշվի առնելով խոշոր ավիաընկերությունների հնարավորությունները՝ անհրաժեշտ է շուկայում պարիտետի միջոցով սահմանել հավասար պայմաններ: Եթե թույլ տանք, որ օտարերկրյա խոշոր ընկերություններն ազատորեն թռիչքներ իրականացնեն դեպի Երևան, ապա պետք է մոռանալ ազգային ավիափոխադրողի գաղափարի մասին:

-Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ ինչ-որ «Կռունկ» կոչվող ընկերություն պատրաստ է ներդնել 750 մլն եվրո նոր ավիափոխադրողի ձևավորման համար:

-Դա պարզապես ծիծաղելի է: Նման ընկերություն՝ որպես ավիափոխադրող, ընդհանրապես գոյություն չունի: Դա անհաջող կատակ էր:

Զրուցել է Արշալույս Մղդեսյանը

Թարգմանությունը՝ Ստելլա Մեհրաբեկյանի

Մեկնաբանել