Պաստառների փակցման վայրերն ընտրվում են քաղաքապետի որոշմամբ. ԿԸՀ պարզաբանումը

«Համահայկական երիտասարդական ընդվզում» նախաձեռնությունն ապրիլի 15-ին հաղորդագրություն էր տարածել` կապված Երևանի պետական մանկավարժական համալսարանի շենքի արտաքին պատին քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղի առանձնացման փաստի հետ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունն այս կապակցությամբ պարզաբանում է տարածել, որը ներկայացված է ստորև:

ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Ընտրություններ նշանակվելուց հետո` 21-օրյա ժամկետում, համայնքի ղեկավարը պարտավոր է ընդունել որոշում համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին` սահմանելով այնպիսի պայմաններ, որոնք թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար կապահովեն հավասար հնարավորություններ (հավասար մակերես)։ Սույն լիազորությունը համայնքի ղեկավարի համար համարվում է պարտադիր լիազորություն»։

Նշված վայրերը, այդ թվում՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի շենքի արտաքին պատը, որոշված են Երևանի քաղաքապետի 05.03.2013թ. թիվ 923-Ա որոշմամբ։ Հիշյալ որոշումը հանդիսանում է իրավաչափ վարչական ակտ և որևէ մեկի կողմից որոշման իրավաչափությունը վիճարկված չէ։

Ինչ վերաբերում է որոշմամբ սահմանված առաձնացված վայրի վերաբերյալ դատողություններին, ապա նշված վայրի, այսպես կոչված, անթույլատրելիության վերաբերյալ ենթադրությունները սուբյեկտիվ են, կամայական, մերկապարանոց՝ չունենալով որևէ առնչություն իրավունքի հետ ընդհանրապես։ Նշված վայրը որպես քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղ սահմանելը որևէ օրենքով կամ իրավական այլ ակտով արգելված չէ։

Նկատի ունենալով, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեuված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաuտառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը հանդիսանում է վարչական զանցանք և առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է զերծ մնալ պաստառները դիտավորյալ պոկելուց, պատռելուց կամ դրանց վրա գրառումներ կատարելուց։

Միաժամանակ տեղեկացնում ենք ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին, որ կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները Երևանի քաղաքապետարանի հետ պարբերաբար կատարում են շրջայցեր, և օրենքի խախտմամբ փակցված պաստառներ հայտնաբերվելու դեպքում դրանք անմիջապես հեռացվում են:

Մեկնաբանել