GM-ն ու Ford-ը նախագծում են 10 աստիճան փոխանցման տուփ

Ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող ամերիկյան General Motors և Ford ընկերությունները համատեղ մշակում են փոխանցման նոր տուփ, որի աստիճանների քանակը կհասնի 9-ի կամ 10-ի, հաղորդում է New York Times-ը:

Մինչ այժմ փոխանցման աստիճանների քանակով առաջատարը գերմանական Volkswagen ընկերության DSG տեսակի փոխանցման տուփն է:

Պաշտոնական հայտարարությունների համաձայն` GM և Ford ընկերությունները վերջին 10 տարիներին համատեղ զբաղվել են փոխանցման տուփերի մշակմամբ, և այս համագործակցությունը մշտապես արդյունավետ է եղել: Մասնավորապես` ավտոմոբիլային շուկայում հայտնվել են բարձրորակ 6 աստիճան փոխանցման տուփեր: Նշենք, որ վաճառվել է այս փոխանցման տուփով աշխատող 8 մլն ավտոմեքենա:

Նոր` 9 կամ 10 աստիճան փոխանցման տուփերի մասին խոսելիս հարկ է նշել, որ խաղադրույքը կատարվում է ոչ միայն վառելիքի խնայողության մեխանիզմի, այլև եզակիության վրա: Հեռանկարային փոխանցման տուփը նախատեսված է ցանկացած դասի ավտոմեքենայի համար:

Փորձագետները նշում են, որ եթե նախագծի մշակումը հաջողվի, ապա չի կարելի բացառել հնարավորությունը, որ մրցակիցները ստանան GM-ի և Ford-ի համաձայնությունը և արտոնագրեն արտադրությունը, ինչն ընկերություններին լրացուցիչ եկամուտ կապահովի: