Հանրապետության հրապարակում ազգերի «տոհմածառ» տեղադրելու առաջարկ է արվել

«ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնը» առաջարկում է Երևանի Հանրապետության Հրապարակում տեղադրել ազգերի «տոհմածառը»: Կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն` տոհմածառը կվկայի, որ աշխարհի բոլոր ազգերը սերում են Հայաստանից և հայերից:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Դեռևս 2004թ. հայտարարվել էր մրցույթ, որի նպատակն էր լուծումներ գտնել Լենինի արձանի տեղում առաջացած բաց տարածության համար: Մրցույթի արդյունքում, սակայն, որևէ նախագիծ չհաղթեց: Ազգերի «տոհմածառ» ներկայացնող այս նկարը մեզ է հասել 1634թ. Լոնդոնում տպագրված ավետարանից: Այս բացառիկ «տոհմածառում» Հայաստանը ներկայացված է որպես մարդկության բնօրրան: Ծառի հիմքում տապանն է, որը կանգնած է Մեծ Մասիսի գագաթին, վերջինիս վրա կա գրություն Armenia և Ararat: Մոտ 12 մետր բարձրությամբ ծառն իր տեսքով լիովին համապատասխանում է թամանյանական ոճին և ներդաշնակորեն լրացնում է այն:

Բացի ծառի խորհրդանշական մեծ նշանակությունը, այն նաև ունի տուրիստական, գիտական, կրթական և մշակութային մեծ արժեք: Ծառի հիմքում տեղակայված տապանը ունենալու է պատուհան-անցքեր, որոնցից ներս բոլոր ցանկացողները կարող են խորհրդանշական մետաղադրամներ գցել: Դա հանդիսանալու է յուրօրինակ «Ազգերի օգնության ֆոնդ», որում կուտակված գումարն ամեն տարի հատկացվելու է, որևէ այլ ազգի` օգնություն ցուցաբերելու համար: Ծառի մոտ լինելու են հատուկ մետաղյա ցուցանակներ, որոնց վրա աշխարհի բոլոր հիմնական լեզուներով գրվելու է հակիրճ տեղեկատվություն ծառի և նրա նշանակության մասին: Նախագծի իրականացումը կապված չէ չափազանց մեծ ծախսերի հետ և այն կարող է իրականություն դառնալ ինչպես պետական միջոցներով, այնպես էլ հետաքրքրված անհատների կամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ»:

Մեկնաբանել