Թետչերի անվան գրադարանն ու ուսումնական կենտրոնը «կանմահացնեն նրա հիշատակը»

«Երկաթե լեդի» Մարգարետ Թետչերի մասին հիշատակը բրիտանացիները կանմահացնեն նրա անվան թանգարանի և գրադարանի կառուցմամբ. վերջինը կծառայի նաև որպես ուսումնական կենտրոն, հաղորդում է ВВС-ն:

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նոր համալիրի կառուցման մեջ կներդրվի ավելի քան 15 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 23 մլն դոլար): Միջոցների հավաքագրմամբ կզբաղվի Բրիտանիայի Պահպանողական կուսակցության շրջանակում գործող CWF (Conservative Way Forward) ագիտացիոն խումբը, որը 1991թ. հիմնել է Թետչերը:

Կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ ասված է, որ ստեղծվելիք գրադարանը պետք է դառնա «Մարգարետ Թետչերի պես բացառիկ անձնավորության և հանուն Մեծ Բրիտանիայի ժողովրդի նրա նվաճումների» յուրօրինակ խորհրդանիշ:

Աճող սերունդների բարօրությանը ծառայող հուշահամալիրը երախտագիտության լավագույն ձևն է նախկին վարչապետին, և, անշուշտ, կնպաստի նրա թողած ժառանգության պահպանմանը:

Ուսումնական կենտրոն բացելու գաղափարը նախագծի ղեկավար Բեն Էլիոթը մտահղացել է այն բանից հետո, երբ իմացել է, որ ԱՄՆ-ում կառուցվում է նմանատիպ թանգարան՝ նվիրված «լեդիի» ամենամոտ դաշնակիցներից մեկին՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանին: Էլիոթը հույս է հայտնել, որ կենտրոնի ուսանողների համար այն կդառնա իսկական տուն, բացի այդ, նրանք շատ բան կսովորեն բարոնուհու կյանքի ու քաղաքական հայացքների մասին:

Բրիտանիայի առաջին և առայժմ միակ կին վարչապետ 87-ամյա Մարգարետ Թետչերը կյանքից հեռացել է այս տարվա ապրիլի 8-ին, ուղեղի կաթվածից: Հուղարկավորությունը կկայանա ապրիլի 17-ին, ենթադրաբար դրան կմասնակցի ավելի քան 2 հազ. մարդ:

Ամենասպասված հյուրեր՝ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի այրի Նենսի Ռեյգանն ու ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը, արարողությանը ներկա չեն գտնվի առողջական վիճակի պատճառով:

Մեկնաբանել