Հոսնի Մուբարաքը ազատ է արձակվել ցուցարարների մահվան գործով

Եգիպտոսում դատարանը վճռել է ազատ արձակել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին 2011թ․ զանգվածային հուզումների ժամանակ խաղաղ ցուցարարների մահվան գործով, հաղորդում է BBC-ն։

Այդուհանդերձ, Մուբարաքը չի կարող ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ հետաքննություն է իրականացվում ևս մի քանի քրեական գործերով, որոնք կապված են կոռուպցիայի հետ։

Անցյալ տարի Մուբարաքը Եգիպտոսի նախկին ներքին գործերի նախարար Հաբիբ Ադլիի հետ միասին դատապարտվել էր ցմահ ազատազրկման հակակառավարական ցույցերի մասնակիցների մահվանը հանցակից լինելու համար։ Ինքը՝ Մուբարաքը, իր մեղքը չէր խոստովանել։

Պաշտոնաթող արված նախագահի պաշտպանների բողոքարկումից հետո այս տարվա հունվարին դատարանը վճռել էր վերանայել գործը։