Կավանին մոտ է Ռեալ տեղափոխվելուն

«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին պնդում են Tribal Football-ը և Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «արքայական ակումբը» երկար ժամանակ է, ինչ հետևում է ուրուգվայցի ֆուտբոլիստի խաղին, նույնիսկ տեղեկություններ կան, թե Կավանին կարող էր տեղափոխվել «Ռեալ» դեռ ձմռանը, սակայն այդ ժամանակ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահ չի եղել, որ ֆուտբոլիստն իսկապես անհրաժեշտ կլինի իրենց։ Այժմ Պերեսը վստահ է, որ Կավանին կարող է օգտակար լինել թիմին և ողջ ուժերը ներդրել է սույն տրանսֆերն իրականացնելու համար։

Նշվում է, որ «Ռեալի» նախագահի և «Նապոլիի» ղեկավարության միջև արդեն համաձայնություն է ձեռք բերվել Կավանիի հարցում, և կողմերին միայն մնում է սպասել տրանսֆերային պատուհանի բացմանն ու կնքել գործարքը։

Կավանիին գնելու այլ թեկնածու ակումբներ ևս կան, սակայն այս հարցում որոշիչ է այն հանգամանքը, որ հենց ինքը ֆուտբոլիստը ցանկանում է կրել «Ռեալի» մարզաշապիկը։

Մեկնաբանել