Սուրեն Զոլյանը բաց նամակ է հղել Տիգրան Սարգսյանին

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը Ֆեյսբուքի իր էջում բաց նամակ է գրել վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանին` խնդրելով վերանայել իրեն կարգապահական տույժի ենթարկելու` կրթության և գիտության նախարարի հրամանը:

Նամակում մասնավորապես ասված է. «Հարգարժան պարոն վարչապետ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների և իրավական հարցերի մշտական կոմիտեն իր վերջին նիստում միաձայն ընդունել է զեկույց՝ մարդու իրավունքների մշտադիտարկմանը մասնակցող փորձագետների ներկայացման և ընտրության ընթացակարգերի մասին:

Ի շարս այլ հարցերի, զեկույցում անդրադարձ է արվել նաև իմ՝ որպես Փոքրամասնությունների կամ տարածաշրջանային լեզուների Եվրոպական Խարտիայի Փորձագետների Կոմիտեի անդամի լիագումար նիստի մասնակցությանը և հետագայում այդ պատճառով պատժվելու դեպքին:

Կոմիտեի գնահատմամբ, դա խախտում է թե՛ պետության կողմից ստանձնած պարտավորությունները, թե՛ փորձագետի անկախության երաշխիքները «կարծիքը կցվում է»:

Մինչ այդ՝ նույն գնահատականն է տվել նաև իր հունիսի նիստում Փոքրամասնությունների կամ տարածաշրջանային լեզուների Եվրոպական Խարտիայի Փորձագետների Կոմիտեն «որոշումն և արձանագությունը կցվում են»:

Ցանկանում եմ հիշեցնել, որ այս դեպքի առիթով և նույն պատճառաբանությամբ ես մի քանի անգամ դիմել էի Ձեզ, մասնավորապես նշելով այն հանգամանքը, որ «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական Խարտիայի» 17-րդ հոդվածի և նշված խարտիայի նորմատիվ «Բացատրական զեկույցի» 131-րդ կետի համաձայն՝ փորձագետները պետք է գործեն անկախ և իրենց գործառույթներում չպետք է ղեկավարվեն համապատասխան կառավարությունների ցուցումներով, իսկ ՀՀ Սահմանդրության 6-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ միջազգային պայմանագրերը գերակայություն ունեն ՀՀ օրենքների նկատմամբ: Իմ գրություններում ես խնդրում էի ելնելով Ձեզ ինձ կարգապահական պատժի ենթարկելու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ՀՀ Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող հրամանները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Սակայն Ձեզ համար հիմք հանդիսացավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գրությունը, «ի պատասխան Ձեր հանձնարարականի, 13 ապրիլի , 2012, N02/12.9/5420-12», որտեղ նշված Խարտիայի պահանջները մեկնաբանվում են կամայական ձևով «կցվում է» և ԿԳՆ նախարարի գործողությունները որակվում են որպես օրինաչափ:

Վերոգրյալից ելնելով, խնդրում ևս մեկ անգամ անդրադառնալ ինձ կարգապահական տույժի ենթարկելու ԿԳՆ նախարարի հրամանին, այս անգամ հաշվի առնելով Եվրախորհորհրդի երկու մասնագիտացված կոմիտեների արտահայտած իրավական գնահատականը ու տեսակետը»:

Մեկնաբանել