Պուտինն էլ է գրագող․ La Repubblica

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ատենախոսության շատ էջեր կրկնօրինակված են ամերիկյան հետազոտությունից, գրում է իտալական La Repubblica պարբերականը։

Անգամ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի ամենահզոր մարդը, տրվել է գիտական թեզերն ուրիշների աշխատանքներից գողանալու գայթակղությանը՝ իր ինքնակենսագրականը գիտական հեղինակավոր կոչումով «զարդարելու» համար։ Նրա դեպքում խոսքը տնտեսության մասին է։ Իսկ այն, ինչպես հայտնի է, նրա թույլ տեղն է, գրում է պարբերականը։

Գրագողության վերաբերյալ լուրերը շատ վաղուց են տարածվել։ Արդեն մի քանի տարի է՝ ամերիկացի հեղինակավոր գիտնականները երիտասարդ Պուտինի աշխատանքը գրագողություն են համարում։ Այժմ խնդիրն այն է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խաչակրաց արշավանք է սկսել՝ ընդդեմ գրագողության և կեղծ կոչումների՝ ռուսաստանյան պետական կրթական համակարգի իրական խոցերի։ Եվ առկա բոլոր հանձնաժողովները, որ կոչված են պայքարելու այս երևույթի դեմ, բախվել են Պուտինի սկանդալային ու ոչ սովորական սխալին։ Ի՞նչ անել։ Դադարեցնել գրագողության ո՞րսը։ Թե՞ պատժել բոլորին, բացի նրանից։ Ակնհայտ անելանելի իրավիճակ է,- նշում է La Repubblica-ն։

Կրեմլը լռում է։ Փորձագետները հրաժարվում են մեկնաբանություններից։ 1996թ․, երբ ներկայիս նախագահը նոր-նոր սկսում էր գալ իշխանության, նա Սանկտ Պետերբուրգի լեռնամետալուրգիական ինստիտուտում պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն «Տարածաշրջանի հանքահումքային բազայի վերարտադրության ռազմավարական պլանավորումը շուկայական հարաբերությունների ձևավորման պայմաններում» թեմայով։ Վաշինգտոնի Բրուքինգի ինստիտուտի գիտնականներից մեկը պարզեց, որ աշխատանքի 218 էջերի 60%-ը և նվազագույնը վեց դիագրամ վերցված են տնտեսագիտության վերաբերյալ ամերիկյան դասգրքից, որը ռուսերեն է թարգմանվել 1994թ․։ Սակայն ամերիկյան ինստիտուտի «զրպարտությունը» պաշտոնական որևէ արձագանքի չարժանացավ, իսկ Պուտինը շրջահայաց կերպով այս թեման չի շոշափում, եզրափակում է պարբերականը։