Բազմաբնակարան շենքի բացում՝ Սիսակյան 22-ում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 22 հասցեում գտնվող բազմաբնակարան նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը. տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանաի պաշտոնական կայքից: Նորաբնակներն իրենց բնակարանների բանալիներն անձամբ Երևանի քաղաքապետից են ստացել:

Շնորհավորելով բնակիչներին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը, կարևորելով խնդրի առաջնահերթությունը, անում է հնարավորը, որ վթարային շենքերի բնակիչներն օր առաջ ապահով ու հարմարավետ բնակարաններ ունենան:

«Յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա իր ապահով, հարմարավետ բնակարանը: Այսօր դեռ մոտ 450 ընտանիք սպասում է այս օրվան: Վստահեցնում եմ, որ մենք փորձելու ենք քայլ առ քայլ այդ բոլոր ընտանիքներին նույնպես ապահովել բնակարաններով: Շնորհավորում եմ բոլորիդ և առաջին հերթին այս ուրախ խաղացող երեխաներին, ովքեր այսուհետ առանց վախենալու ապրելու են այս շենքում»,- իր խոսքում ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև հյուրընկալվել է բնակարաններից մեկում, ծանոթացել պայմաններին, խաղաղություն և բարեկեցություն մաղթել ընտանիքներին:

Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան նորակառույց բազմաբնակարան շենքը բնակիչներին է հանձնվել կոմունալ – կենցաղային բոլոր հարմարություններով ապահովված: Ունի նաև էներգամատակարարման այլընտրանքային տարբերակ, ստորգետնյա ավտոկայանատեղի: Շենքը հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժին:

Ամբողջությամբ բարեկարգված շենքի հարակից տարածքում էլ մանուկների համար տեղադրվել են ժամանակակից խաղային ատրակցիոններ:

Բնակիչները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ գործընթացը հնարավորին կարճ ժամկետում կազմակերպելու, իրենց անվտանգությունն ապահովելու և հարմարավետ պայմաններում վերաբնակեցնելու համար:

Ի դեպ, նախապես կազմակերպված վիճակահանության միջոցով բնակիչներն իրենք էին ընտրել իրենց բնակարանները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: