Բանակ-հասարակության կապի թեմայով լսումներ՝ ԱԺ-ում

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների, ԱԺ աշխատակազմի, պետական կառավարման տարբեր մարմինների, միջազգային և հայաստանյան մոտ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների, հայ և օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ այսօր տեղի են ունեցել «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով խորհրդարանական լսումներ. տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նրա գնահատմամբ՝ խորհրդարանական լսումների թեման խիստ արդիական է, ինչը նախ և առաջ պայմանավորված է բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման և պետության անվտանգության, երկրի ժողովրդավարական զարգացումների միջև առկա ուղղակի կապով:

Կորյուն Նահապետյանը նշել է, որ ուժային կառույցների քաղաքացիական վերահսկողությունը, հասարակական իրազեկվածությունն ու թափանցիկությունն ապահովելու, հանրային վստահությունը բարձրացնելու և դրանք իրատեսական ու գործնական հիմքերի վրա դնելու առումով Ազգային ժողովում նոր մշակույթ է ձևավորվում: Հենց այս խնդիրներին են ուղղված երկու խորհրդարանական լսումները և միջազգային սեմինարը, որոնք տեղի կունենան առաջիկա երեք օրերի ընթացքում:

Անդրադառնալով բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը՝ Կորյուն Նահապետյանը նշել է, որ այդ կարևոր խնդրի իրականացումը չի կարելի դիտարկել միակողմանիորեն: Այդ կապն ակտիվացնելու համար պահանջվում է մի կողմից հասարակական շահագրգիռ ներգրավվածություն, մյուս կողմից հասարակությանը հուզող խնդիրներին պետական կառույցների արձագանքման, դրանց լուծումներ տալու պատրաստակամություն: Հենց այդ նպատակով էլ լսումներին հրավիրված են այդ խնդրով շահագրգիռ պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ գտնելու բանակ-հասարակություն կապի ամրապնդման արդյունավետ մեխանիզմները: Նա տեղեկացրել է, որ խորհրդարանական լսումների առաջին նիստում խնդիրը ներկայացվելու է ինստիտուցիոնալ ու բարեփոխումների առաջնահերթությունների տեսանկյունից, իսկ երկրորդ նիստում լսելու են քաղաքացիական հասարակությանը հուզող խնդիրները:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը՝ նկատելով, որ խորհրդարանական լսումների թեման, արդիական լինելուց զատ, նաև շարունակական զարգացման միտում ունի, քանզի ժողովրդի ջանքերով ստեղծված բանակը միշտ պետք է նրա կողքին լինի, իսկ հասարակությունը պետք է սատարի բանակի հզորացմանը: Բանակը ի վիճակի պետք է լինի քայլել հասարակության մեջ տեղի ունեցող զարգացումներին համընթաց, քանզի բանակի սոցիալական հենքը հասարակության բոլոր շերտերն են: Ըստ նրա՝ զինված ուժերի հասարակական վերահսկողությունը ոչ միայն սահմանադրական դրույթ է, այլև հասարակական կարևոր պահանջ: Այս առումով, նախարարի գնահատմամբ, նախընտրելի է, որ գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծման նախաձեռնողը նախարարությունը լինի, և ոչ թե հասարակությունը պարտադրի նրան՝ կատարելու այս կամ այն անհրաժեշտ քայլը: Նախարարն իր այդ մոտեցումը բացատրել է նրանով, որ փակ համակարգը միշտ էլ հանգեցնում է բացասական դրսևորումների: Խոսելով վստահության վերականգնման մասին՝ Սեյրան Օհանյանը նկատել է, որ այն միանշանակ չէ. օրինակ՝ «դեղին» մամուլի գնահատականներով չի կարելի պատկերացում կազմել վստահության չափի մասին: Միաժամանակ, ըստ նրա, հասարակությունը պետք է գիտակցի և չչարաշահի տեղեկացված լինելու իր իրավունքը՝ պայմանավորված բանակի պրոֆեսիոնալ առանձնահատկությամբ: Նախարարի գնահատմամբ՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման լավագույն ձևը Պաշտպանության նախարարության՝ իրեն վերապահված խնդիրների պատշաճ իրականացումն է: Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաև բանակում հանդիպող բացասական դրսևորումներին, դրանց հասարակական գնահատականներին, նախարարության համարժեք արձագանքին, դրա արդյունքում շատ հարցերի օպերատիվ լուծումներին կամ կանխարգելմանը:

Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում անընդհատ զարգանում է ժողովրդական վերահսկողության մշակույթը: Նա զինված ուժերի վրա արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար կարևորել է երեք պայման՝ թափանցիկությունը, հաշվետու լինելը և հակակշիռ ուժերի կիրառումը հատկապես խորհրդարանի միջոցով:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը Հայաստանի հասարակության ու բանակի սերտ համագործակցության կարևորությունը պայմանավորել է Հայաստանի տարածաշրջանային դիրքով ու գոյություն ունեցող մարտահրավերներով: Նա ներկայացրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում Ազգային ժողովի, Պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի եռակողմ համագործակցության ձևերն ու արդյունքները:

ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը անդրադարձել է բանակի կանոնադրական ու իրավական հարաբերություններում տեղ գտած թերությունները կանխելուն ուղղված միջոցառումներին և իրականացվող ծրագրերին:

ԶՈՒԺՎ Ժնևի կենտրոնի ասոցացված ավագ գիտաշխատող Վալերի Ռատչևը նկատել է, որ պաշտպանության ոլորտի բարեփոխումները միայն զինվորականությանը չեն վերաբերում, այլ ողջ հասարակությանը, քանի որ բոլոր ոլորտներում կառավարումն ընթանում է սոցիալական պայմանագրային հիմքով. հասարակությունը տարբեր մեխանիզմներով ընտրում է ղեկավար, որը պետք է ապահովի նրա անվտանգությունը, ուստի հասարակության և կառավարում իրականացնողների կապը անընդհատ գործընթաց պետք է լինի: Նա զուգահեռներ է անցկացրել հասարակություն-իշխանություն կապի հայաստանյան իրողությունների և Արևելյան Եվրոպայի երկրների փորձի միջև և խորհուրդ է տվել սովորել ուրիշների սխալները չկրկնելով և միայն առաջավոր փորձը յուրացնելով:

ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Հայկ Քոթանջյանը բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդումը կարևորել է զինված ուժերի արդյունավետության և պետական անվտանգության տեսանկյունից: Ըստ նրա՝ քաղաքացիական վերահսկողության իրականացումը ժողովրդավարության գերակա խնդիր է և համակարգված քաղաքականություն, գերատեսչությունների սերտ համագործակցություն է ենթադրում: Նա ներկայացրել է այս ոլորտում ինստիտուտի նախաձեռնություններն ու կատարած քայլերը:

Խորհրդարանական լսումների երկրորդ նիստում ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը քաղաքացիական հասարակության տեսանկյունից ներկայացրել է խորհրդի կատարած աշխատանքները, որոնք ուղղված են բանակում հանդիպող կանոնադրական պահանջների խախտման դեպքերը կանխելուն:

Երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը նշել է, որ երկրապահն այն կառույցն է, որը «ժողովրդի ծոցից է դուրս եկել» և կարևոր դեր կատարել հայոց բանակի ձևավորման գործում, ուստի երկրապահը շահագրգռված է բանակ-հասարակություն կապերի ամրապնդմամբ: Նրա գնահատմամբ՝ երբ խոսում են բանակում առկա թերությունների մասին, դրանց արմատները պետք է փնտրել հասարակության մեջ. բանակը հասարակության հայելին է, ուստի այդ կապն ամրապնդելու համար պետք համապարփակ ծրագրեր իրականացնել:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցն անդրադարձել է զինծառայության ընթացքում կանոնադրական հարաբերությունների խախտման դեպքերին, զինվորների կենսապահովման խնդրին, բանակում նկատվող կոռուպցիոն ռիսկերին, զինծառայողների առողջական խնդիրներին, զորակոչիկների պիտանելիության հարցին՝ նկատելով, որ դրանց արդյունավետ լուծումը դեռ շատ ջանք ու հետևողական աշխատանք է պահանջում:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանն անդրադարձել է քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների կատարելագործման, հանրային իրազեկման բարձրացման անհրաժեշտությանը: Նրա գնահատմամբ՝ շատ հասարակական կազմակերպություններ, որոնք համագործակցում են պետական մարմինների հետ, հաճախ են անտեսում միջազգայնորեն ընդունված նորմերը:

ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը խոսել է զինված ուժերի փոխակերպման սոցիալական գործոնների մասին: Նրա գնահատմամբ՝ հաճախ հասարակությունը ոչ թե օգնում, այլ խանգարում է բանակում առկա խնդիրների լուծմանը, քանի որ դրանց զգալի մասը հասարակությունն է ծնել: Արթուր Աթանեսյանը բանակի կոնֆլիկտային իրավիճակը պայմանավորեց հասարակության կոնֆլիկտային բարձր մակարդակով և մատնանշել է դրանց կանխարգելման միջոցառումների ձևերը:

ԶՈՒԺՎ Ժնևի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին գոհունակությամբ նշել է, որ խորհրդարանական այս լսումները ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և Ժնևի կենտրոնի միջև ստորագրված հուշագրի լավագույն արդյունքն է, և հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը շարունակական ու արդյունավետ կլինի նոր նախաձեռնություններով: Նրա գնահատմամբ՝ հասարակություն-բանակ հարաբերությունների ակտիվացումը պայմանավորված է բազմաթիվ՝ սոցիալական, հոգեբանական, արժեհամակարգային, հոգեբանական, կառավարմանն առնչվող հանգամանքներով: Ֆիլիպ Ֆլուրին խորհրդարանական վերահսկողությունը կարևոր գործիք է համարել հասարակություն-բանակ կապերի ամրապնդման գործում, իսկ հասարակական կազմակերպությունների ներգրավումը՝ անհրաժեշտ պայման:

Մեկնաբանել