Հետընտրական դաշինքը ռոմանտիզմ է, որ կարող է իրականանալ. Արծվիկ Մինասյան

Այսօր Հայաստանում բուրժուաներ կան, դեմոկրատներ՝ ոչ. պատասխանելով «Արմնյուզ»-ի հարցին, թե արդյոք Հայաստանում այսօր կան բուրժուադեմոկրատներ՝ նշեց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերի հետընտրական դաշինքը ռոմանտիզմ է, որ իրականություն դառնալու իրական հնարավորություն ունի:

ՀՅԴ-ն, ըստ նրա, մինչև հիմա բակային հանդիպումներում պասիվ էր, քանի որ չէր ցանկանում Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության ողբերգության ֆոնին քարոզարշավը սկսել մեծ ոգևորությամբ: Առաջիկայում, սակայն, կլինեն և բակային հանդիպումներ, և այլ միջոցառումներ:

Ներկայացնելով Երևանի կառավարման ՀՅԴ-ի ծրագիրը, որով և մասնակցում են ավագանու ընտրություններին՝ Մինասյանը կարևորեց երեք կետ. Երևանի բյուջեի նկատմամբ վերահսկողություն սահմանել ընդդիմադիր քաղաքական ուժի կողմից, մունիցիպալ ոստիկանություն ստեղծել և հիմնովին բարեփոխել Երևանի տրանսպորտի ցանցը՝ ներդնելով մեկ միասնական սակագին և տոմսերի միասնական վաճառքի համակարգ, ընդլայնել էլեկտրատրանսպորտի ցանցը:

Հիշեցնենք, որ իր ելույթներից մեկում ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշել էր, որ ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել ավագանու ընտրություններից հետո՝ ընտրելով ընդդիմադիր քաղաքապետ: