«Առաքելություն»-ն առաջարկում է վերացնել համատիրությունների համակարգը

«Առաքելություն» կուսակցությունը Facebook-ի իր էջում ներկայացրել է Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ քաղաքի խնդիրների մասին իր դիտարկումները: «էրեբունու «երկար շենքերը»` համատիրությունների զոհ» վերնագրի ներքո կուսակցությունը նշել է.

««Առաքելություն» կուսակցության քարոզչության շրջանակներում այսօր շարունակեցինք մեր հանդիպումները Էրեբունի համայնքում:
Բազմաբնակարան շենքերի բակերում հանդիպումների ընթացքում բնակիչները շարունակում էին հիմնականում դժգոհել շենքերի անմխիթար վիճակից` մուտքի դռների բացակայություն, շենքի հիմքերի խարխլում, շենքի հիմքերում ջրերի կուտակում, մաշված ու վտանգավոր վերելակներ, քանդված բակեր, խաղահրապարակների բացակայություն բազմաթիվ բակերում և այն:

Այս ամենում բնակիչներն առաջին հերթին մեղադրում են համատիրություններին, որոնք տարվա ընթացքում հավաքում են տասնյակ միլոնավոր դրամներ, իսկ խնդիրները մնում են անլուծելի: Վիճակը հիմնականում անմխիթար է Խաղաղ Դոն փողոցի վրա գտնվող հայտնի «երկար շենքերում»:

Առաքելություն կուսակցությունը միակն է, ով առաջարկում է համատիրությունների համակարգի վերացում:

Նշված փոփոխությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել բազմաբնակարան շենքերի բնակիչներից հավաքագրվող գումարները` ունենալ հստակ պատասխանատուներ, տալ համակարգային, կենտրոնացված լուծումներ:

Ի դեպ, միայն այդ «երկար շենքերի» բնակիչները տարեկան համատիրություններին վճարում են ավելի քանի 50 միլիոն դրամ»:

Մեկնաբանել