Հեղափոխության մասին

Շաբաթ օրը՝ ապրիլի 13-ին, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրային ելույթը քաղաքական շրջանակներում բուռն քննարկումների առիթ է տվել:

Քննարկման առարկա է դարձել հատկապես նրա նշած բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարը: ՀԱԿԿ առաջնորդն ըստ էության նոր բան չի ասում. բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին նա սկսեց խոսել մեծ քաղաքականություն վերադառնալուց անմիջապես հետո՝ 2007թ., և համաժողովրդական շարժման հիմքում դրված էր հեղափոխության հենց այս մոդելը:

Պատահական չէր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին և օլիգարխներին կոչեր էր անում միանալ այդ շարժմանը, քանի որ «ավազակապետական» բուրգի տապալումը Տեր-Պետրոսյանը տեսնում էր միայն այդ ճանապարհով: Այդ ժամանակ «բուրժուադեմոկրատական հեղափոխությանը» լիարժեքորեն միացավ միայն Խաչատուր Սուքիասյանը: Սակայն մի ծաղկով գարուն չեկավ, Սուքիասյաններին բիրտ և կամայական ձևով զրկեցին մի շարք բիզնեսներից հեղափոխությանը միանալու համար, ինչը մյուս օլիգարխներին զգուշացում էր հեռու մնալ հեղափոխությունից:

Այժմ, սակայն, քաղաքական դաշտում իրավիճակ է փոխվել, և Լևոն Տեր-Պետրոսյանը կարծես թե ակնարկում է, որ 2013թ. Խաչատուր Սուքիասյանը կարող է լինել Գագիկ Ծառուկյանը, որը, ի տարբերություն Սուքիասյանի, բավական լուրջ քաղաքական ուժային կենտրոն է: Թե որքանով Տեր-Պետրոսյանին կհաջողվի Գագիկ Ծառուկյանին լիարժեք մասնակից դարձնել բուրժուադեմոկրատական հեղափոխությանը, դժվար է ասել:

Միայնակ մնալու դեպքում նա կարող է կրկնել Խաչատուր Սուքիասյանի ճակատագիրը, իսկ այլ խոշոր գործարարների մոբիլիզացնելու համար ծանրակշիռ մոտիվացիաներ են պետք: Իշխանության հետ սերտաճած օլիգարխները հաջողությունների և պատկառելի հարստություն կուտակելու համար պարտական են ոչ թե իրենց գործարար ունակություններին, այլ իշխանական բարեհաճությանը:

Դժվար է հավատալ, որ այլ հավասար պայմաններում, ազատ շուկայական հարաբերությունների պարագայում այսօրվա օլիգարխների մեծ մասը կկարողանար այդպիսի հարստություն կուտակել: Ուստի բավական կասկածելի է, որ ներկայիս օլիգարխները «կապստամբեն» Սերժ Սարգսյանի դեմ՝ մրցակցային պայմաններում հայտնվելու համար:

Լևոն Տեր-Պետրոսյանի նշած բուրժուադեմոկրատական հեղափոխությունը առավել իրատեսական է թվում միջին բուրժուազիայի անմիջական մասնակցությամբ, որը Հայաստանում առանձնապես չկա էլ:

Մեկնաբանել