Թուրքիայի Դերիկ գավառի վերջին երկու հայը

Թուրքիայի Մարդինի շրջանի Դերիկ գավառում ընդամենը երկու հայ է մնացել` Յուրշալըն և Նաիմ Դեմիրջիները: Թուրքական Dogan գործակալությունը ներկայացնում է Դերիկի վերջին հայերին:

Մինչև 1915թ. Հայոց ցեղասպանությունը Դերիկի գավառում ապրում էր 19 հազ. հայ: Ցեղասպանությունից հետո` 1930-ականներին, շրջանում դեռ բնակվում էին հայեր, որոնք ստիպված էին լքել Դերիկը: Ներկայում` Գևորգ Դեմիրջիի մահվանից հետո, մնացել են միայն Դեմիրջի ամուսինները: Ընտանիքն իր օրվա հացը վաստակում է դարբնությամբ:

Ցեղասպանությունից հետո Դերիկի 17-րդ դարի Սբ Գևորգ հայկական եկեղեցին վերածվում է ախոռի: Հայկական համայնքի օգնությամբ Մարդինի վերջին հայերը գնում են ախոռի վերածված եկեղեցին, վերանորոգում այն և կրոնական արարողություններ իրականացնում այնտեղ: Այժմ Դիմիրջիներն ամեն շաբաթ-կիրակի այցելում են եկեղեցի, աղոթք անում, ինչպես նաև հոգում շինության կարիքները: Դեմիրջիները պատմում են, որ տարին մեկ-երկու անգամ Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչներն այցելում են եկեղեցի: Եկեղեցի են այցելում նաև շրջակա բնակավայրերի բնակիչները:

Ամուսիններն ասում են, թե մտադիր չեն հեռանալ Դերիկից: Ներկայում նրանց միայն մի հարց է մտահոգում` ով կխնամի եկեղեցին իրենց մահվանից հետո: