Հայ ոստիկանը 95 տարի պատվով կատարում է իր պարտքը` հաճախ կյանքի գնով. Վ. Գասպարյան

Լուսանկարը` Police.am-ի

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասված է. «ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ:

Ոստիկանության առաքելությունը ծառայությունն է օրենքին ու ժողովրդին, կոչումը` պայքարն ընդդեմ հանցավորության և հանուն հասարակական կարգուկանոնի, երդումը` անձնազոհություն, և հայ ոստիկանն արդեն 95 տարի պատվով է կատարում իր պարտքը` հաճախ առողջության և կյանքի գնով:

Անցյալ դարի սկզբից, հայոց պետականության հաստատումից ի վեր Հայաստանի ոստիկանությունը գործով է վկայում, որ մասն է ժողովրդի ու ժողովրդի հետ: Մենք միշտ պետք է հիշենք, որ ժառանգն ենք սխրանքներով, նաև անկումներով ու կորուստներով լի պատմության, և այսօր, անցյալի լավագույն ավանդույթներն ունենալով մեր զինանոցում` պետք է նոր մտածողությամբ, նոր գիտելիքներով, իրավապահի գործի արդիական ընկալմամբ նվիրվենք մեր երեխաների պետության կայացմանը, Հայաստան երկրի, որտեղ օրենքի գերիշխանություն է, արդարության հրամայական, քաղաքացու ապահովություն:

Մեր խոսքը գործ է, մեր գործը տեսանելի է բոլորին, մենք սպայի, ոստիկանի տեսակն ենք և կոչված ենք պատվավոր պարտքի կատարման, իսկ ում շատ է տրվում, նրանից շատ է պահանջվում: Եվ մենք պատրաստ ենք կատարել օրենքի, ժողովրդի, պետության պահանջը:

Կրկին շնորհավորում եմ ողջ անձնակազմին, մեր սիրելի վետերաններին, ոստիկանների ընտանիքներին` Հայաստանի ոստիկանության 95-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում եմ հաջողություն և ամենայն բարիք:

Աստված ձեզ պահապան»:

Մեկնաբանել