Երիտասարդ արվեստագետները պատրաստվում են ստեղծագործել ուղիղ եթերում

Անցյալ տարվա վերջին նկարչուհի Մերի Մունը ձեռնամուխ եղավ Երևանում նոր արտիստական միջավայր ստեղծելուն: Դեկտեմբերի 13-ին մեկնարկեց նրա կազմակերպած միջոցառումների շարքը, որն անցնում էր «Երբ Սենդին գնացել էր» խորագրի ներքո: Ապրիլի 16-ին կսկսվի երկրորդ նախագիծը՝ «Արտ օբյեկտը»։

Չորս տարի առաջ նկարչուհի Մերի Մունը ստեղծեց VisualGapGallery վիրտուալ պատկերասրահը երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները ցուցադրելու համար: Երբ եկավ ժամանակն այն շոշափելի տարածք տեղափոխելու, Մերին սկսեց իր արվեստանոցն օգտագործել։

Այժմ նկարչուհին վստահ է, որ մոտ է ընդլայնվելու ժամանակը։ Այդ նպատակով «Արտ օբյեկտ» նախագծի ընթացքը պետք է հասանելի լինի բոլոր ցանկացողներին՝ ուղիղ հեռարձակման միջոցով։ Ի դեպ՝ ուղիղ հեռարձակումն ապահովելու է ՍիվիլՆեթ ինտերնետային հեռուստատեսությունը: Երիտասարդ ստեղծագործողներին հետևելու են նաև Թումոյում։

Չորս օրվա ընթացքում երեք արվեստագետ՝ նկարչուհի Մերի Մունը, որը նաև նախաձեռնողն է, նկարիչ Արթուր Հակոբյանը և գրող, մշակութաբան Տաթև Չախչախյանը, ստեղծագործելու են VisualGapGallery-ում։

«Մենք բոլորս սովոր ենք երկչափ տարածքում ստեղծագործելուն: Ես ու Արթուրն էլ՝ իբրև ակադեմիական դպրոցի ներկայացուցիչներ, սովորաբար աշխատում ենք յուղաներկով և կտավով: Սակայն հիմա պիտի եռաչափ տարածք տեղափոխվելու փորձ կատարենք»,– ասում է Մերի Մունը:

Արդեն երկու ամիս է, ինչ արվեստագետները ստեղծում են եռաչափ օբյեկտներ տարբեր նյութերից՝ բետոնից, թղթից… Ապրիլի 16-19-ը նրանք պետք է համակցեն իրենց աշխատանքները և փորձեն ծնունդ տալ նոր ինստալյացիաների: Աշխատանքի արդյունքը կներկայացվի ապրիլի 26-ին կայանալիք ցուցահանդեսին: Հնարավոր է, որ երիտասարդների ստեղծագործությունները հետագայում զարդարեն քաղաքի փողոցները։

Արթուր Հակոբյանն ասում է, որ իր ստեղծած բոլոր օբյեկտները անձնական թեմաներով են։ «Ես վերջերս հայր եմ դարձել, և իմ աշխատանքներում արտացոլվել են իմ ու երեխայիս հարաբերություններին, ժամանցին վերաբերող դրվագներ»,– նշում է Արթուրը։

Մերի Մունն ու Տաթև Չախչախյանն աշխատելու են միասին, ավելի ճիշտ՝ մեկը կլրացնի մյուսի աշխատանքը։ Աղջիկներն անդրադառնալու են քաղաքի, քաղաքացիական միջավայրի թեմային։ Տաթևը, որը պատրաստվում է Մերիի ստեղծած օբյեկտները հարստացնել իր բանաստեղծություններով, ասում է. «Մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանում արվեստը ներփակ է և կարծես ինքնաբավ։ Բայց չէ՞ որ շատ հետաքրքիր է, երբ արվեստները փոխազդում են, խոսում միմյանց հետ։ Մենք ուզում ենք, որ դա կայանա այս նախագծում»։

Խմբային նախագծի մասնակիցները համարում են, որ շատ ավելի հետաքրքիր և շահեկան կլիներ, մտքերի փոխանակության առումով, եթե ավելի շատ արվեստագետներ մասնակցեին։ Սակայն, ինչպես ասում է Արթուրը, մյուսները զարմանալի պասիվություն են ցուցաբերում:
«Յուրաքանչյուր նոր գաղափար կասկածելի է թվում մեր արվեստագետներին։ Որոշակի համարձակություն է պետք առաջին շարքերում լինելու համար։ Կարծում եմ՝ նրանցից շատերը պարզապես սպասում են, որպեսզի համոզվեն, որ մեր մտահղացումն իրականանալի է, հետո որոշեն որևէ բան անել»,– նշում է նա։

Թեման ցավոտ է նաև Մերիի համար: «Ես շատ եմ ուզում, որ մեր երիտասարդ արվեստագետներն ակտիվանան։ Որքան կարելի է աշխատանքները տանել դուրս և չփորձել անգամ որևէ բան փոխել այստեղ։ Մարդիկ ինչ-որ տարօրինակ վիճակում են, նրանք կարծես վախենում են, չեն վստահում։ Եթե ուզում ես այստեղ զարգացնել արվեստի դաշտը, շատ պատնեշների ես հանդիպում, բայց ամենաանհասկանալին ինձ համար հենց արվեստագետների անտարբերությունն է»,– ասում է նկարչուհին։

«Արտ օբյեկտին» զուգահեռ Մերին մեկ այլ մտահղացման իրականացմանն է պատրաստվում։ Այն կապված է «Թանգարանային գիշեր» միջազգային միջոցառման հետ և նմանվելու է մի քանի ամիս առաջ ձեռնարկած ակցիային, երբ Մերին պայմանավորվել էր iStore վաճառասրահի տնօրինության հետ, որպեսզի այցելուները խանութում բոլոր մոնիտորների վրա թվային տեխնոլոգիաների ձեռքբերումները գովազդող հոլովակների փոխարեն ժամանակակից վիզուալ արվեստի նմուշներ տեսնեն։ Այժմ այս մտահղացումը մարմին կառնի ավելի լայն մաշտաբով։ Digital Museum Night ծրագրի շրջանակում երիտասարդ արվեստագետներն իրենց գործընկերների աշխատանքները կներկայացնեն քաղաքի բոլոր բացօթյա էկրաններից։