Իրանցի գիտնականի սարքն ապագան կկանխատեսի 98% ճշգրտությամբ

Իրանցի գիտնական և գործարար Ալի Ռազեգին պնդում է, որ «ապագայի մեքենա» է ստեղծել: Չնայած սարքը մարդուն չի տեղափոխում ապագա՝ այն կարող է մանրամասն կանխատեսել կյանքի ընթացքը առաջիկա 5-8 տարում: Գիտնականի խոսքով՝ այս մեքենան կարելի է օգտագործել ի շահ պետության՝ կանխատեսելով քաղաքական կոնֆլիկտներն ու տնտեսական գործընթացները:

Ռազեգին իր հայտնագործությունն արտոնագրել է Ռազմավարական մշակումների կենտրոնում: «Aryayek» ժամանակի մեջ շրջագայող մեքենան թույլ է տալիս մինչև 98% ճշգրտությամբ կանխատեսել մարդու ապագան: Դա արվում է մատնահետքերով:

«Բնականաբար, կառավարությունը, որը կարող է կանխատեսել ապագան մոտակա 5 տարում, կարող է պատրաստվել իրավիճակն ապակայունացնող տարբեր երևույթների», – պարզաբանել է 27-ամյա իրանցին:

Նոր սարքի զանգվածային արտադրության մեկնարկով գիտնականը մտադիր է «ապագայի մեքենան» տարածել պետական մարմինների և անհատների շրջանում:

Նոր սարքն աշխատում է մի քանի ալգորիթմի հաշվին: Հիմնական գործողությունը մարդու ձեռքի հպման միջոցով տեղեկության հավաքագրումն է: Արդյունքում՝ մեքենան տալիս է տեքստ՝ ապագայի «անհատական» կանխատեսմամբ:

Ալի Ռազեգին գլխավորում է Իրանի Ռազմավարական մշակումների կենտրոնը: Նա 179 գյուտի հեղինակ է, վերջին սարքի ստեղծման համար աշխատել է 10 տարի:

Ռազեգին քննադատության է ենթարկվել հարազատների ու ընկերների կողմից, որոնք պնդում են, թե նա «խաղում է Աստծու հետ»: Ինքը՝ Ռազեգին, չի կարծում, որ սարքը հակասում է կրոնական արժեքներին: «Ամերիկացիները փորձում են նման բան ստեղծել՝ ծախսելով միլիոնավոր դոլարներ, իսկ ես դրան հասել եմ նվազագույն ծախսերով», – ասել է գյուտարարը:

Մեկնաբանել