Կիպրացի ավանդատուների վնասը կկազմի €8,3 մլրդ. Եվրախումբ

Կիպրոսի երկու առաջատար բանկերում խոշոր ավանդատուների վնասները Եվրախմբի հակաճգնաժամային ծրագրի իրականացման ընթացքում, ընդհանոր առմամբ, կկազմի €8,3 մլրդ, ասվում է Եվրահանձնաժողովի պատրաստած փաստաթղթում, հաղորդում է Reuters-ը: Խոշոր են համարվում €100 հազ.-ը գերազանցող չապահովագրված ավանդները:

«Փրկության ծրագիրը Laiki և Bank of Cyprus-ի չապահովագրված ավանդների հաշվին բանկային վերակապիտալիզացիայի համար €8,3 մլրդ», – ասվում է Եվրահանձնաժողովի փաստաթղթում:

Եվրահանձաժողովում նշում են, որ սա առավելագույն գնահատականն է, և գումարի վերջնական չափը կախված կլինի Bank of Cyprus-ի բաժնետիրական կապիտալի պարտավորությունների փոխարկումից և Laiki բանկի կողմից դրանց կլանումից:

Փաստաթղթի համաձայն՝ 2013թ. 2-րդ եռամսյակից մինչև 2016թ. 1-ին եռամսյակում ընկած ժամանակահտվածում Կիպրոսին անհրաժեշտ կլինի €23 մլրդ, որից €13 մլրդ-ը պետք է ապահովվի ներքին աղբյուրների հաշվին: Գումարի €8,3 մլրդ-ի բեռը, ըստ էության, դրվելու է ավանդատուների ուսերին:

Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը ապրիլի 15-ի գնահատականի համաձայն՝ Նիկոսիան շարունակում է սպառնալ սնանկացման և եվրոգոտուց դուրս գալու վտանգը՝ չնայած Եվրախմբի հետ €10 մլրդ ֆինանսական աջակցության ստացման մասին ձեռք բերված համաձայնությանը: Գործակալության փորձագետների կարծիքով՝ Կիպրոսին պարտքային ծանրաբեռնվածության կայունացման և կենսունակության ապահովման համար լրացուցիչ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև ներկայիս պարտքերի վերակառուցում անհրաժեշտ կլինի:

Հիշեցնենք, որ միջազգային դոնորների «եռյակը»՝ Եվրոպական կենտրոնական բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրախումբը Կիպրոսին €10 մլրդ վարկի հատկացման որոշում են ընդունել մարտի 25-ին: